Վարչապետը ԲՏԱ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարարին ներկայացրել է աշխատակազմին: Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնած Վահագն Խաչատուրյանին նախարարի պաշտոնում կփոխարինի Ռոբերտ Խաչատրյանը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Պարոն Խաչատուրյանը կարճ ժամանակում նախարարությունում կարողացավ գործունակ թիմ ստեղծել և նախարարության շուրջ այդ ընթացքում մթնոլորտը եղել է շատ դրական, մենք տեսել ենք շատ կոնկրետ ծրագրեր, շատ կոնկրետ արդյունքներ: Դրանց մի մասի վերաբերյալ, և մյուսների վերաբերյալ էլ հետագայում, հույս ունենք հանրությունն առաջիկայում ավելի լայն իրազեկված կլինի:
Վարչապետն ընդգծեց՝ Ռոբերտ Խաչատրյանը եղել է Խաչատուրյանի ստեղծած թիմի անդամ: Համոզմունք հայտնեց, որ կապահովվեն ծրագրերի շարունակականությունը և արդյունավետությունը: Նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ նշեց՝ նորանշանակ նախարարին կօգնի իր հնարավորության սահմաններում:
Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ) - Համոզված եմ, որ ձեր անմիջական օգնությամբ, որը ես զգացել եմ միշտ այս 7 ամսվա աշխատանքների ընթացքում, որպես նախարար, այդ օգնության կարիքը միշտ կա և ձեր օգնությամբ կծնվեն նոր գաղափարներ և դրանք, նույնպես, իրականություն կդառնան: Մի կարևոր հանգամանք կա, որը ես կցանկանամ նշել, որը նաև ինձ ոգևորել է՝ դուք տվել եք ազատություն գործունեության մեջ, միաժամանակ նշելով, որ այդ ազատության մեջ ամենակարևորը պատասխանատվությունն է, և որպես նախարար ես այդ պատասխանատվությամբ եմ աշխատել, զգալով, որ այն, ինչ անում ենք, անում ենք կառավարության հետ միասին, կառավարության գաղափարների իրականացմանն ենք նպաստում:
Նորանշանակ նախարարը շնորհակալություն հայտնեց վստահության համար: Ընդգծեց ոլորտի կայացման գործում նախկին նախարարների դերը:
Ռոբերտ Խաչատրյան (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար) - Նախարարությունում կա արդեն ձևավորված թիմ, և շատ ճիշտ հիմքերի վրա դրված, արդեն սկսված աշխատանքներ կան, որի մեջ շատ մեծ դերակատարություն են ունեցել պարոն Խաչատուրյանը և նախկին կոլեգաները՝ ի դեմս պարոն Արշակյանի, պարոն Չոբանյանի: Եթե այդ ամենը ճիշտ շարունակենք, ես վստահ եմ, որ հաջողության կհասնենք:
Ռոբերտ Խաչատրյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակվել ապրիլի 27-ին:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան













