Միայն տուգանելով հնարավոր չէ հարցը լուծել. ՀՌՀ անդամի թեկնածուն՝ եթերից հնչող զազրախոսության մասին

ԱԱրսեն Մկրտչյան

Հայհոյանքն ու զազրախոսությունը պետք է բացառվեն եթերից: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու Գոհար Մամիկոնյանի համոզմունքն է: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածուն հեռուստաեթերից հնչող խոսքի վերաբերյալ իր պատկերացումները ներկայացրեց խորհրդարանի հանձնաժողովում քննարկման ընթացքում:

Գոհար Մամիկոնյան (ՀՌՀ անդամի թեկնածու) - Յուրաքանչյուր քաղաքացի, անկախ՝ իշխանության կողմնակից է, թե ընդդիմադիր, պետք է հասկանա, որ իր կարծիքը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է իմ կարծիքը, հատկապես, եթե այդ կարծիքը պարունակում է զազրախոսություն, հայհոյախոսություն:

«Քաղաքացիական պայմանագրի» անդամ Գևորգ Պապոյանը նկատեց՝ հանձնաժողովն օրեր առաջ հեռուստաեթերով հայհոյանքը հանրայնացնելու պատճառով տուգանել է մասնավոր հեռուստաընկերություններից մեկին: Պատգամավորը, սակայն, նշեց՝ դրանով հայհոյանքի հանրայնացումը կանխելու խորքային խնդիրը չի լուծվել:

Գևորգ Պապոյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Ստացվում է, որ հանձնաժողովն ինչ-որ սահմանափակ շրջանակում կարողացավ հեռուստաընկերությանն ասել, որ նա չանի, բայց այդ նույն մարդիկ տիրապետում են մեդիա այլ ռեսուրսների, որոնց դիտողականությունն այդ նույն հեռուստաալիքի համեմատ տասնապատիկ ավելի շատ է: Եվ իրենք այդ նույն հայհոյախոսությունը տարածում են այնտեղ շատ ավելի ագրեսիվ ձևով և հաճույքով և անարգել:

Գոհար Մամիկոնյան - Միայն տուգանելով և որոշակի պատիժներ սահմանելով, կարծում եմ, հնարավոր չի լինի ամբողջական հարցը լուծել: Եվ, կարծում եմ, իմ դիրքորոշումն ավելի շատ ուղղված է նրան, որ բոլորին կարողանանք բերել համագործակցության դաշտ և հանրային օգուտի ընկալումը կիրառելի դարձնենք բոլորի համար:

2018 թվականից մինչև օրս կրթության և գիտության ոլորտը համակարգող նախարարությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած Գոհար Մամիկոնյանը հայտնեց՝ հանձնաժողովի անդամ ընտրվելու դեպքում առաջարկելու է իր գործընկերների միջև ոլորտային պարտականությունների բաշխում իրականացնել:

Գոհար Մամիկոնյան - Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ստանձնի որոշակի պարտավորություն՝ իրեն վստահված ուղղություններով հետևողական և նպատակային աշխատանք իրականացնելու:

Հանձնաժողովը Մամիկոնյանի թեկնածությունն առաջադրելուն տվեց դրական եզրակացություն:

Պատգամավորները հավանություն տվեցին նաև Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցին: «Քաղաքացիական պայմանագրից» Գևորգ Պապոյանի, Միքայել Թումասյանի և Արուսյակ Մանավազյանի՝ երկրորդ ընթերցմամբ ներկայացված օրինագծով՝ հնարավորություն կտրվի կրկնապատկել ուսման վարձի փոխհատուցում ստացող ուսանողների թիվը:

Հեղինակ՝  Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում