Հայաստանի բնակչության իրական թվաքանակը պարզելու նպատակով հոկտեմբերին մարդահամար կանցկացվի: Երրորդ հանրապետության երրորդ մարդահամարը նախատեսված էր անցկացնել 2020-ին: Գործընթացը խոչընդոտեցին սկզբում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները, հետո նաև՝ պատերազմը:
Կարինե Կույումջյան (ՀՀ վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ) - Քանզի պիտի մարդահամարի նպատակով հավաքագրված, ներգրավված աշխատակիցները, հաշվարարները այցելեն բնակչության տները, տնային տնտեսությունները և շփում պիտի լինի մեր երկրի բնակչության գրեթե 1/4-ի հետ:
Մարդահամարի անցկացման աշխատանքում ներգրավվել է մոտ 2200 հաշվարար: Նրանք կայցելեն բնակչության պետական ռեգիստրում գրանցված յուրաքանչյուր 4-րդ քաղաքացու տուն: Ի տարբերություն նախորդ մարդահամարների, այս անգամ բնակիչների տվյալները կհավաքվեն էլեկտրոնային սարքերի միջոցով: 11 տարի առաջ օգտագործված թղթային հարցաշարը վիճակագրական կոմիտեում արդեն պատմական նմուշ է դարձել:
Կարինե Կույումջյան - Սա մի տնային տնտեսության համար նախատեսված հարցաթերթ է և այստեղ տնային տնտեսության յուրաքանչյուր անդամի համար մի տողով է լրացվում: Հետո տնային տնտեսության բնակարանային պայմանների համար արդեն այս հատվածն է, որտեղ հարցնում է, թե ինչպիսի բնակելի միավոր է, երբ է շահագործման հանձնվել:
Հաշվարարներն առաջին անգամ հարցեր կտան նաև բնակիչների առողջական վիճակի մասին: Հարցադրումների ցանկը այլ առումներով հիմնականում փոփոխություն չի կրել:
Կարինե Կույումջյան - Հարցումները պետք է վերաբերեն բնակչության սեռի, տարիքի, ազգության, քաղաքացիության, մայրենի լեզվի, կրթական մակարդակի, ամուսնական կարգավիճակի, կանանց ծնելիության՝ քանի երեխա են ծնել և նրանցից քանիսն են ողջ մարդահամարի հաշվառման պահին: Հարցադրումներ կլինեն զբաղվածության, գործունեության տնտեսական ոլորտի վերաբերյալ:
Հայաստանի երրորդ հանրապետության առաջին մարդահամարն անցկացվել է 2001 թվականին՝ արձանագրելով մշտական բնակչության 3 մլն 213000 թվաքանակ: 2011-ին անցկացված երկրորդ մարդահամարի համաձայն՝ Հայաստանում մշտապես բնակվել է 3 մլն 18.854 մարդ:
Վիճակագրական կոմիտեի 2022 թվականի վերջին տվյալով՝ մեր երկրի մշտական բնակչության թվաքանակը 2 մլն 961 հազար է: Մասնագետների կարծիքով՝ հոկտեմբերի 13-22-ն անցկացվելիք մարդահամարի տվյալների տարբերությունը մեծ չի լինի: Արդյունքները կամփոփվեն 2023 թվականի ընթացքում:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան













