Աշակերտների փոխանակման ծրագիր. երևանյան դպրոցից կգնան մարզի դպրոց և հակառակը

ԱԱրսեն Մկրտչյան

Հայաստանում առաջին անգամ իրականացվում է «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագիրը: Երևանյան մասնակից դպրոցներից ընտրված աշակերտները մինչև մայիսի 1-ը կսովորեն մարզի որևէ դպրոցում, իսկ այդ դպրոցի աշակերտներն էլ կհաճախեն մայրաքաղաքի հաստատություն:

Երևանում Գոգոլի անվան համար 35 դպրոցի երեք աշակերտ արդեն մյուս շաբաթ դպրոց կգնա Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքում:

Տաթևիկ Եսայան (Երևանի Ն.Վ. Գոգոլի անվան դպրոցի տնօրեն) - Ընտրությունը փորձել ենք կատարել հետևյալ կերպ՝ աշակերտներ, ովքեր իրենք կարող են ներկայացնել մեր համայնքը, մեր մշակույթը, մեր դպրոցը, և ընդհակառակը, աշակերտ, ով կարիք ունի բացվելու, ավելի ինքնադրսևորման հմտություններ զարգացնելու:

Ծրագիրը, ըստ Եսայանի, կնպաստի երեխայի սոցիալականացմանը, ավելի ինքնուրույն ու կազմակերպված դառնալուն: Նա կճանաչի և կհարգի մյուսների ավանդություններն ու սովորույթները, դրանց տարբերությունները, կսերտանա կապը համայնքների միջև:

Վերին Պտղնիում կհյուրընկալվեն 8-րդ դասարանցիներ: Երկու ընկերները, ի դեպ, փորձում էին մեկը մյուսին զիջել այդ հնարավորությունը, այնպես որ հավակնորդները դեռ չորսն են: Տղաները մարզերում լինելու շատ առիթներ չեն ունեցել, սա նրանց համար հետաքրքիր փորձառություն է լինելու:

Վերին Պտղնիից էլ այստեղ երեք աշակերտ կհյուրընկալեն. երկուսին՝ ուսուցիչներ, մյուսին՝ հինգերորդ դասարանցիներից մեկի ընտանիքը:

Լուիզա Կարապետյան (Երևանի Ն.Վ. Գոգոլի անվան դպրոցի ուսուցչուհի) - Արդեն նախատեսել ենք բավականին հագեցած ծրագիր, երեխային կտանենք մեզ հետ, կշրջենք Երևանի թանգարանները, հետո Հայաստանի մի քանի տեսարժան վայրեր:

Աննա Ծատուրյան (Երևանի Ն.Վ. Գոգոլի անվան դպրոցի ուսուցչուհի) - Փորձելու եմ իր համար ապահովել գեղեցիկ ժամանց: Տանը ունեմ երկու փոքրիկներ, սիրով այդ ընտանեկան ջերմ մթնոլորտը կփորձեմ փոխանցել նաև նրան:

«Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագիրը նախատեսված է 7-12 դասարանցիների համար:

Լիլիթ Մկրտչյան (ՀՀ ԿԳՄՍՆ ԿԶՆԱԿ կրթական նորարարությունների և հետազոտության վարչության պետ) - Հայրենիքը ճանաչելու, ուսումնասիրելու, հետազոտելու ծրագիր է, նպատակը դպրոցում կրթությունը հետաքրքիր դարձնելն է, միմյանց ճանաչելն է, փորձի փոխանակումն է, քանի որ նոր չափորոշչով նաև ավագ դպրոցում կրթական ծրագրի հենքում դրված է հետազոտական աշխատանքը:

Աշակերտների փոխանակման ծրագիրը ֆինանսական բաղադրիչ չունի. ծախսերը հոգալու են ընդունող կողմերը: Նախաձեռնությունը կամփոփվի բոլոր մասնակիցների հանդիպմամբ, կքննարկվեն հաջողություններն ու բացթողումները: Նպատակ կա ծրագիրը դարձնել շարունակական:

Հեղինակ` Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում