Հայաստանի ժողովրդագրության իրական պատկերը կպարզվի մարդահամարից հետո

ԼԼիլիթ Ասատրյան

Եթե 2017 թ. հետազոտությամբ միգրացիոն գործընթացներում ներառված էր Հայաստանի տնային տնտեսությունների մոտ 35 տոկոսը, այսինքն՝ ամեն երրորդից ավելին, ապա 2019 թ. տվյալներով՝ այդ ցուցանիշը նվազել էր մինչև 26 տոկոս:

ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը հետազոտությունները հիմք ընդունելով փաստում է՝ այս դրական տեղաշարժը սկսվել է 2018 թ.՝ իշխանափոխությունը դրական ակնկալիքներ էր առաջացրել և նվազեցրել է միգրացիոն գործընթացը:

Ռուբեն Եգանյան (ժողովրդագիր) - Նախ՝ հասկանանք՝ ի՛նչ ասել է միգրացիոն գործընթաց: Դա նշանակում է, որ տվյալ տնային տնտեսությունը դիտարկման ժամանակահատվածում ունեցել է տան միգրանտ անդամ՝ կա՛մ գնացած-եկած, կա՛մ արտերկրում գտնվող անդամ: 2021 թ. հետազոտությամբ այդ նվազումը շարունակվել ա և կազմել էր ներառվածության 18 տոկոսից քիչ ավելի, այսինքն՝ ամեն 5-րդ ընտանիքն է, որ ներառված էր միգրացիոն գործընթացներում:

Չնայած 2022 թ. հունվար-փետրվար ամիսներին պակասել է ծնունդների բացարձակ թվաքանակը, աճել է մահացածների թիվը, և արդյունքում կա բնական հավելաճի բացասական ցուցանիշ, բայց դեպոպուլյացիա կունենանք, թե՞ ոչ՝ պարզ կլինի տարեվերջին: Այդ մասին նշում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:

Աննա Հովհաննիսյան (ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող) - Սա զուտ պաշտոնական վիճակագրության թվերն են, պատճառները հասկանալու համար անհրաժեշտ է իրականացնել խորքային ուսումնասիրություններ, որոնք ճիշտ չէ իրականացնել՝ հիմնվելով 2 ամսվա տվյալների վրա: Վստահ եմ, որ տարվա վերջին այլ պատկեր կունենանք, սովորաբար ծնունդների մեծ թիվ տարեվերջին է լինում: 

Ռուբեն Եգանյան - Նույնիսկ մի քանի տարվա տվյալների հիման վրա ժողովրդագրական երևույթների մասին դատողություններ անելը հիմնավորված չէ: Ամեն դեպքում, ըստ ՄԱԿ-ի սանդղակի, մենք ծերացող երկրների շարքում ենք:

Աննա Հովհաննիսյան - Ըստ ՄԱԿ-ի սանդղակի՝ եթե երկրում տարեցների տեսակարար կշիռը 7 տոկոսից բարձր է, համարվում է ծերացող, Հայաստանում կազմում է 14 տոկոս, ինչը նշանակում է՝ այն դասվում է ծերացող երկրների շարքին:

Նշում է՝ ծերացող երկիր ենք ոչ միայն նրա համար, որ ծնելիության ցածր թիվ ունենք, այլ որովհետև մեր տատիկ-պապիկները ավելի երկար են սկսել ապրել: ՀՀ-ում կյանքի սպասվելիք տևողությունն արդեն հասնում է աշխարհում ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիր Ճապոնիային, կանայք՝ մոտ 79, տղամարդիկ 72 տարի են ապրում: Սա լուրջ դրական ցուցանիշ է, որի հիմքում ընկած են առողջապահական համակարգի հասանելիությունն ու լավացումը:

Նշում է՝ 10-20 տարի առաջ հիմնականում տատիկ-պապիկների կյանքի միջին տևողությունը մոտ 60 տարեկանն էր: Ամեն դեպքում, թե մարդկային ինչ ռեսուրս ու ինչ հնարավորություններ ունենք իրականում, ցույց կտա առաջիկայում անցկացվող մարդահամարը:

Մասնագետները նշում են՝ դա հնարավորություն կտա նաև հասկանալու Հայաստանի բնակչության բաշխվածությունը ըստ մարզերի: Բոլոր զարգացած երկրներում համոզվել են՝ կարևորը մարդկային կապիտալն է՝ որակապես ու նաև քանակապես:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում