Եզդիները տոնում են ազգային Նոր տարին

ՀՀերմինե Բաղդասարյան

Կարմիր կակաչները եզդիների Նոր տարվա ավետաբերն են, այս ծաղիկներով են նրանք զարդարում իրենց տան դռները Չարշամա Սարսալեի կապակցությամբ։ Տոնն ազդարարում է Աստծո և յոթ հրեշտակների կողմից Երկիր մոլորակի ծնունդը-ստեղծումը։

Խըդր Հաջոյան (Եզդիների ազգային միության նախագահ) - Մենք՝ եզդիներս, հավատում ենք, որ վաղը՝ չորեքշաբթի, Աստված ավարտեց երկրագնդի արարումը:

Եզդի ժողովուրդը ապրիլի 13-ին հաջորդող չորեքշաբթի օրն է համարում Նոր տարվա սկիզբ, քանի որ այդ ժամանակ ամեն ինչ ծաղկում է և խորհրդանշում նոր կյանքի մեկնարկը։ Այն նաև կոչվում է Թավուսե Մալակ:

Բրո Հասանյան (եզդիների հոգևոր առաջնորդ) - Թավուս նշանակում է սիրամարգ, մալակ՝ հրեշտակ, և հենց դա ներկայացվեց այն կերպարով, որ ժողովուրդը Թավուսե Մալակից ակնկալում է խաղաղություն:

Տոնակատարությունը սկսվում է երեքշաբթի երեկոյան ճրագալույցով։ Հաջորդ առավոտյան, ծիսակարգի համաձայն, եզդիներն առաջինը՝ պարտադիր, գերդաստանի ննջեցյալների գերեզմաններ են այցելում։

Խըդր Հաջոյան - Եզդիներն այսպես են ասում՝ չորեքշաբթի օրը մահացածները գալիս են դռան առջև, առաջինն իրենց շնորհավորենք ու նոր միայն վերադառնում են իրենց տոնական սեղանի մոտ:

Տոնական սեղանի զարդը, մեր Զատկի պես, հավկիթն է, ներկված, այս դեպքում՝ 4 գույնով, սպիտակը, որ խորհրդանշում է Աստծո մաքրությունը, դեղինը՝ արևի պատվին, կանաչը՝ խոտի և կարմիրը՝ կակաչների։ Չարսամա Սարսալեի ձվի կճեպները եզդիներն աղբաման չեն լցնում, այլ այգում են թափում, որ բերք-բարօրորություն բերի։ Տոնին թխում են նաև հատուկ գաթա՝ կլոճ, հյուրասիրում իրենց ավանդական խաշլաման, շատ այլ կերակուրներ, բացառությամբ հազարով ու կաղամբով ուտեստների։ Մալակե Թավուսից բոլորի խնդրանքը նախ՝ խաղաղությունն է: Շնորհավորական քառյակ է ասում շեյխ Բրո Հասանյանը։

Մայրենիով խոսել, ազգային տոներ նշել՝ հայրենիքից զրկված եզդիները ամենուր չէ, որ կարողանում են․ որպես ազգային փոքրամասնություն լավ վերաբերմունքի համար հայերին ու Հայաստանին ուղղված հատուկ շնորհակալությամբ արձանագրում է եզդիների ազգային միության առաջնորդը։

Բրո Հասանյան - Հայաստան աշխարհում ունենալով մի քանի սրբատեղիներ՝ մենք՝ եզդիներս, երախտագիտությամբ ենք դա ընդունում և ուրիշ երկրներում դա հպարտությամբ ենք ներկայացնում:

Ի դեպ, ըստ եզդիական ավանդույթի՝ ծաղկաշատ ապրիլին հարսանիքներն արգելված են, որպեսզի գեղեցկացող-զարդարվող հարսները չխամրեցնեն նիսամ ամսվա հմայքը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում