Անհրաժեշտ է հանրային լայն կոնսոլիդացիա՝ բանակցություններում ամուր դիրքերից հանդես գալու, արցախահայության բոլոր իրավունքները պաշտպանելու համար. Հովհաննիսյան

ԳԳոհար Սարգսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ԱԺ նիստին խոսեց ստեղծված իրավիճակի ու անցյալի սխալների մասին:

«Եթե Արցախը նախկինում մշտապես օգտագործվել է իշխանությունը պահելու, մարդկանց կեղեքելու ու բանակի հզորացման անվան տակ այն թալանելու համար, ապա հեղափոխությունից հետո մինչ այս պահը Արցախն օգտագործվում է իշխանությունը վերադարձնելու համար, իշխանության վերադառնալու համար, կրկին այն գողանալու համար:

Կրթական, տնտեսական, սոցիալական ու մի շարք այլ ոլորտներում ծրագրեր գրեթե չէին իրականացվում, որովհետև պետք էր բանակը հզորացնել, որ հայրենիքը պաշտպանեինք: Անգամ հեղափոխության օրերին էին ֆեյք տեսանյութեր տարածում սահմաններին կուտակումների մասին, որ մարդկանց վախերի միջոցով կանգնեցնեին քաղաքացիական ճշմարիտ անհնազանդությունից: 2018-ից հետո վերացվեց նաև այս նարատիվը:

Կառուցվում և բարեկարգվում են կրթական հարյուրավոր հաստատություններ, իրականացվում և ֆինանսավորվում են սոցիալական, տնտեսական, առողջապահական բազմաթիվ ծրագրեր: Աննախադեպ միջոցներ են ուղղվում Արցախի մեր հայրենակիցների բարեկեցության համար, ավելի մեծ ծավալով է ֆինանսավորվում բանակը: Ու այս ամենը՝ առանց միմյանց հակադրելու Արցախն ու Հայաստանի զարգացումը:

Այո՛, տասնամյակների խաբեության, փուչ կենացների, կեղծ հայրենասիրության հետևանքը ապրիլյան, հետո՝ 44-օրյա պատերազմն էր, որի արդյունքում հազարավոր հայրենակիցներ ենք կորցրել: Բայց մեր եղբայրներն ու քույրերն իրենց կյանքը չնվիրեցին միայն մեր ազատության համար, նրանք իրենց կյանքի գնով բացահայտեցին ճշմարտություններ, որոնց հետ որքան ուշ առերեսվեինք, այնքան մեծ էր լինելու ողբերգությունը»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա շեշտեց, որ որպես պետություն ու ժողովուրդ իրավունք չունենք տրվելու սին պատրանքների:

«Պետք է կարողանանք այս պատմական խաչմերուկում մեր պետականության համար կարևորագույն շրջափուլում մեր որոշումները կայացնենք՝ ելնելով ճշմարտություններից և ոչ երբեք կրկին մեզ մատուցվող կեղծ պաթոսից ու արկածախնդրությունից: Մեզ անհրաժեշտ է հանրային լայն կոնսոլիդացիա՝ բանակցություններում ամուր դիրքերից հանդես գալու, արցախահայության բոլոր իրավունքները պաշտպանելու և մեր ժողովրդի համար երկարաժամկետ խաղաղություն ապահովելու համար»,- ասաց Հովհաննիսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում