Գյումրու բարեկամության այգին շահագործման կհանձնվի հաջորդ տարի

ՌՌոզա Խաչատրյան

Գյումրիում աղմուկն էլ կարող է «բարեկամական» լինել. շինարարություն է: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հայրաքաղաքում «Զբոսաշրջության, ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցման» ծրագիրն է իրագործում:

Արթուր Սողոմոնյան (Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն) - Գյումրիում նշված ծրագրի ներքո նախապատրաստական փուլում է 6 բաղադրիչ, որոնցից մեկը Բարեկամության այգին է, որը գտնվում է շինարարության փուլում:

Կառավարությունն ու Համաշխարհային բանկը 886.5 մլն դրամ են ներդրել քաղաքային զբոսայգու վերակառուցման նախապատրաստական աշխատանքների համար։

Արթուր Սողոմոնյան - Բարեկամության այգու՝ մեր մասով իրականացվող հատվածը մեծամասամբ կրում է հողային և բարեկարգման աշխատանքներ, որի արժեքը 900 մլն դրամ է: Նախագծային, ինչպես նաև մյուս աշխատանքները պետք է իրականացվեն ՏՈՒՖ հիմնադրամի կողմից, որով ավարտին կհասցվի զբոսայգու կառուցումը:

Այգին՝ անվանը համապատասխան, Գյումրիին նոր տեսք ու շունչ հաղորդելու համար բարեկամական եռանկյունի է ձևավորել՝ Կառավարություն, համայնք և հիմնադրամ:

Ելենա Մուրադյան (Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի Գյումրիի զարգացման ծրագրերի ղեկավար) - Այստեղ տնակային ավաններ կային 2018-ից, մի քանի ամիս տնակներում ապրող բնակիչների հետ աշխատանքների արդյունքում բնակեցվեցին սկզբում տնակային ավաններում ապրող բնակիչները, այնուհետև կոնցեպտուալ նախագիծ էր մշակվում:

Այգու վերակառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն 12 մլն դոլար է, 4 մլն դոլարից ավելին ներդրվել է hիմնադրամի, գործընկեր կազմակերպությունների և մի շարք բարերարների կողմից։

Ելենա Մուրադյան - Պետք է ասեմ, որ սա տարածաշրջանի համար եզակի պրոյեկտներից է, որտեղ տարբեր երկրներից, միջազգային կամզակերպություններից, պետական ինստիտուցիոնալ գործընկերների կողմից ունեցանք մուլտի-սթեյք-հոլդեր պրոյեկտ Գյումրիի համար:

Այգու շինարարության մի մասը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա սեպտեմբերին, որից հետո զբոսայգին բաց կլինի գյումրեցիների և քաղաքի հյուրերի համար։

Ելենա Մուրադյան - Ճեմելու համար բաց կլինի, բայց, այնուամենայնիվ, այգու օբյեկտների շինարարությունը ընդհուպ հաջորդ տարի դեռ զուգահեռ իրականացնելու են:

Իսկ 2023 թ․ աշնանը զբոսայգին շահագործման կհանձնվի ամբողջությամբ։

Ելենա Մուրադյան - Ունենալու ենք վերնիսաժի տաղավարներ, Եզակի մոդել՝ այգեգործության դպրոցը, որն առաջինն է Հայաստանում, մանկական, սպորտային խաղահրապարակներ, սքեյթ պարկ և էլի շատ անակնկալ օբյեկտներ:

7,2 հեկտար տարածք ընդգրկող այգին ոչ միայն կխթանի Գյումրու զբոսաշրջային աճը, այլև կդառնա առաջին ժամանակակից կանաչապատ տարածքը Հայաստանում։ Տարածքային զարգացման հիմնադրամը զբաղվում է նաև այգի բերող ճանապարհների բարեկարգմամբ:

Արթուր Սողոմոնյան - Ընդհանուր առմամբ, նշված ծրագրով Գյումրիում նախատեսվում է իրականացնել 4,2 մլրդ դրամի ներդրում, Բարեկամության այգուց զատ՝ մյուս բաղադրիչներով, աշխատանքները նախապատրաստական փուլում են, որը ներառում է նախագծա-հետազոտական աշխատանքների իրականացումը: Կարծում ենք, որ ընթացիկ տարում կլինեն բաղադրիչներ, որոնց շինարարական մրցույթը ևս կհայտարարվի:

Կվերականգնվեն Խանջյան, Չայկովսկու, Աճեմյան, Հանեսօղլան, Ջիվանի, Տերյան և Նալբանդյան փողոցների, Հաղթանակի պողոտայի, նաև Սբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու և Աբովյան փողոցի` աջ և ձախ հատվածները։

Այստեղ Գյումրու հին ու ֆիլմերից հայտնի փողոցներն էլ կան: Ծրագրով վերջապես դեպի «Վառեմ-մարեմի» հայտնի պատշգամբը բարեկարգվի, բայց քաղաքի կոլորիտին հավատարիմ ճանապարհ կտանի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում