Վրաստանի հետ մեր հարաբերությունների խնդիրն է՝ բոլոր ոլորտներում համագործակցությունը դարձնել մաքսիմալ արդյունավետ. Փաշինյան

ԼԼիլիթ Ասատրյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի զեկույցի ներկայացումից հետո նրան հարց ուղղեց Հայաստան-Վրաստան միջպետական հարաբերությունների վերաբերյալ:

«Վրաստանի հետ մեր միջպետական հարաբերությունների խնդիրն է տնտեսական, քաղաքական, մշակութային, կրթական, բոլոր ոլորտներում համագործակցությունը դարձնել մաքսիմալ արդյունավետ, և, այո՛, Վրաստանի մեր հայրենակիցների գործոնը շատ էական է այս հարաբերություններում, և մենք հետևողական ենք այդ հարցերում, և ուրախ նաև, որ Վրաստանի կառավարությունը և մեր կառավարությունը այս հարցերում տարընթերցումներ չունեն: Մնում է արդեն կոնկրետ նախագծերը, կոնկրետ գործերն իրականացնել արդյունավետ և փոխադարձ վստահության և բարեկամության մթնոլորտում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ դժվար է գերագնահատել մեր երկրների միջև հարաբերությունների հարցը, բայց նաև պետք է արձանագրել, որ այդ հարաբերությունների վրա նաև հարակից գործոնները որոշակիորեն ազդում են, և այդ ազդեցությունը ոչ թե բարոյահոգեբանական է, այլ ավելի շատ կառուցակարգային, որովհետև արտաքին քաղաքականության ոլորտում տարբեր վեկտորներ ունենալու հանգամանքը, տարբեր ինտեգրացիոն համակարգեր ընտրելու հանգամանքը որոշակի ազդեցություն ունենում է:

«Բայց պետք է գոհունակություն հայտնել այն փաստի առումով, որ փաստացի այդ ազդեցությունը մեր հարաբերությունների վրա հասցված է նվազագույնի: Մենք, ընդհակառակը, պետք է փորձենք աշխատել, որ նույնիսկ այդ նվազագույն ազդեցությունը չնկատվի մեր տնտեսական հարաբերություններում, մանավանդ որ մենք Ազատ առևտրի համաձայնագիր ունենք ստորագրած, որը գործում է»,- ասաց ՀՀ վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում