Նոր ավտոբուսների վարորդներն իրենց մոտ 100 դրամանոցների որոշակի քանակ կունենան

ԼԼևոն Սարդարյան

Հաշվի առնելով քաղաքային տրանսպորտում 100 դրամանոց մետաղադրամների մեծ պահանջարկը` այսօրվանից համայնքային բոլոր նոր ավտոբուսների և միկրոավտոբուսների վարորդներն իրենց մոտ ունեն որոշակի քանակությամբ մանրադրամ:

«Քաղաքացիները երբեմն 100 դրամ չեն ունենում ավտոբուսի վճարման տուփ նետելու համար, ինչն անհարմարություններ է առաջացնում»,- նշում է Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:

Վարորդները գումարը մանրելու են բացառապես 100 դրամանոցներով, որպեսզի դրանք կրկին ակտիվ շրջանառության մեջ դրվեն: Կարևոր է, որ քաղաքացիները, նախքան միասնական տոմսային համակարգին անցնելը, ունենան 100 դրամանոցներ: Հայկ Սարգսյանը հորդորում է բնակիչներին` չմոռանալ, որ նախընտրելին մնում է 100 դրամանոց ունենալը, իսկ որոշումը կայացվել է բացառապես խնդրին արագ լուծում տալու համար:

Համակարգի ներդրմամբ քաղաքապետարանը մտադիր էր բացառել վարորդի և ուղևորի շփումը, բայց բնակիչների բողոքներն ու դժգոհությունները ստիպեցին վերանայել քաղաքականությունը: Յուրաքանչյուր վարորդի տրվելու է 5-ից 10 հազարական դրամի 100 դրամանոց՝ ավանսի տեսքով: Իսկ ինչու քաղաքապետարանը չի գնահատել ռիսկերը: Պատասխանում են՝ տրանսպորտի միասնական տոմսային համակարգին անցումը ձգձգվեց, ինչն էլ լրացուցիչ խնդիրներ առաջացրեց:

Արդյոք վարորդների մասնակցությունը վճարման համակարգում ռիսկեր չի պարունակում: Սարգսյանի մեկնաբանմամբ՝ տրանսպորտի նոր շարժակազմում ոչ պատշաճ վճարման 14 դեպք են իրենք հայտնաբերել. ուղեվարձն առձեռն ստացող վարորդների նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ. 2 վարորդ` նկատողություն, 12-ը՝ խիստ նկատողություն են ստացել:

Հեղինակ` Լիլիթ Դանիելյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում