Մամուլի ազատության համաշխարհային ցուցիչում Հայաստանը բարելավել է դիրքերը. ՀՌՀ տարեկան հաղորդումը

ՀՀովհաննես Վարդանյան

«2021-ին զանգվածային լրատվամիջոցներն աշխատել են ազատ և անկաշկանդ». Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ամփոփել է նախորդ տարին, արդյունքները ներկայացրել Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում: Մամուլի ազատության համաշխարհային ցուցիչի համաձայն՝ Հայաստանը 180 պետության շարքում 2018-ի համեմատ 17 կետով բարելավել է դիրքերը և զբաղեցրել 63-րդ տեղը:

Ըստ հիմնական զեկուցող Տիգրան Հակոբյանի՝ հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող ԶԼՄ-ների նկատմամբ 2021-ին հանձնաժողովը ավելի շատ վարչական վարույթներ է հարուցել, քան 2011-2020 թվականներին: Եղել է նաև հակառակ պրոցեսը:

Տիգրան Հակոբյան (Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ- 2020-21 թվականներին հանձնաժողովի հանդեպ ավելի շատ դատական հայցերով են մեդիաները հանդես եկել, քան հանձնաժողովի պատմության ընթացքում: 10, 15 կամ 5 տարի առաջ որևէ հեռարձակող նույնիսկ համարձակություն չէր ունենա մեր դեմ հայց բացել: Ամբողջ պատմության մեջ եղել է ընդամենը երկու դեպք, անցյալ տարի՝ 6 դեպք, այսինքն` սա մենք համարում ենք ժողովրդավարության ցուցիչ:

«Տեսալսողական մեդիայի» օրենքում փոփոխություններից հետո պարզեցվել է օտարերկրյա հեռուստահաղորդումների մուտքը հայկական շուկա, ինչը նախկինում անհամեմատ դժվար էր: Այս տեսանկյունից Հայաստանը աշխարհի ամենաբաց երկրներից է՝ վստահեցնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարը:

Տիգրան Հակոբյան - Սա, մեր կարծիքով, ինչ-որ չափով վտանգում է մեր տեղեկատվական և լեզվական անվտանգությունը, ինչի մասին ես բազմիցս ասել եմ. և՛ 44-օրյա պատերազմը, և՛ ռուս-ուկրաինական այս պատերազմը ցույց են տալիս, որ այստեղ անելիքներ ունենք:

Հայաստանում քաղաքացիները հիմնականում սերիալներ ու գեղարվեստական ֆիլմեր են դիտում: Հայերենով հեռարձակելու տոկոսային հարաբերակցության նկատելի աճ կա. եթե երկու տարի առաջ հեռուստահաղորդումների 57 տոկոսն էր մայրենիով հեռարձակվում, նախորդ տարի այդ թիվը 81 տոկոսի է հասել:

Տիգրան Հակոբյան - Առաջին անգամ բոլոր մարզերն ունեն սեփական հեռուստատեսություններ: Որևէ անգամ այդպիսի բան չի եղել. Արագածոտնը, Արարատի մարզը, Վայոց ձորը, Տավուշը շատ հաճախ եղել են առանց տեղական հեռարձակողների: Նախորդ տարի համոզելով, նաև լավ պարտնյորներ գտնելով կաբելային օպերատորներին, որոնք հաջողակ են իրենց բիզնեսում՝ ապահովեցինք տեղական հեռարձակում:

Տիգրան Հակոբյանը վերահաստատեց՝ այսօր Հայաստանը մասնավոր մուլտիպլեքս չի կարող ունենալ, պատճառն այն է, որ ժամանակին հաճախականությունները հիմնականում վաճառվել են բջջային օպերատորներին: Արագածոտնում, Արմավիրում և Տավուշում այս պահին նաև ազատ ռադիոհաճախականություն չկա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում