Լիցքավորվող կոշիկներ զինվորների համար կամ անասնակեր՝ օրգանական թափոններից. աշակերտների գաղափարները

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանյան դպրոցների փոքրիկ գիտնականները, որոնք մասնակցել էին Համադպրոցական գիտության փառատոնին, այսօր պարգևատրվեցին: Մարտի 26-ին անցկացված փառատոնին աշակերտների ներկայացրած գիտահետազոտական աշխատանքները 35-ն էին:

Մասնագիտական ժյուրին հաղթող է ճանաչել 11-ը, իսկ ամենաբարձր միավորներ ստացած երեք նախագծերը առցանց մասնակցելու են ԱՄՆ-ում մայիսին կայանալիք Միջազգային գիտահետազոտական փառատոնին: Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան ավագ դպրոցի աշակերտների նախագիծը այդ երեքից մեկն է:

Անուշ Առաքելյան (Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան համար 139 ավագ դպրոցի ֆիզմաթ հոսքի 12-րդ դասարանի աշակերտուհի) - Մենք կատարել ենք պիեզո բյուրեղների ուսումնասիրություն, պիեզո բյուրեղների օգնությամբ ստացել ենք էլեկտրաէներգիա և կազմել ենք մի մեխանիզմ, որի շնորհիվ այդ էլեկտրաէներգիան կուտակում ենք: Մենք նախատեսում ենք այդ մեխանիզմը կիրառել կոշիկների մեջ, որպեսզի քայլելիս ստանանք էլեկտրաէներգիա, այն կուտակենք և հետագայում ստանանք էլեկտրաէներգիայի աղբյուր:

Նախագծի վրա աշխատել են 12-րդ դասարանցիներ Անուշ Առաքելյանը և Էդվարդ Թովմասյանը: Ղեկավարը ուսուցիչ Ռուզաննա Թամազյանն է:

Ռուզաննա Թամազյան (Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան համար 139 ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի) - Իրենց առաջարկածը եթե հասնի մինչև վերջ, դուք պատկերացնո՞ւմ եք՝ զինվորները խրամատներում կոշիկներով շատ քայլելուց հետո ոչ թե մտածեն` որտե՛ղ հեռախոսը լիցքավորեն կամ որտեղի՛ց ճարեն մի հատ լիցքավորիչ, որ լուսավորեն իրենց շուրջը, հենց իրենց կոշիկների միջից լիցքավորեն իրենց հեռախոսը կամ լամպը, որով կարող են լուսավորել կամ տաքացնել նույնիսկ: Մեր ընկերներն առաջարկում են, որ կարող են նույնիսկ տաքացնող ժիլետներ պատրաստել:

«Հերացի» ավագ դպրոցում սովորող Մանե Կուրղինյանն ու Մհեր Սարաֆյանն էլ ուսուցչուհի Ռուբինա Հարությունյանի ղեկավարությամբ, աշխատել են էկոպրոտեին նախագծի վրա՝ օրգանական թափոններից ստանալով սպիտակուցներ: Նրանց նախագիծն էլ լավագույն երեքից մեկն է:

Մհեր Սարաֆյան (ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ) - Փորձել ենք մանրէների օգնությամբ վերամշակել և ստացել ենք սպիտակուցները:

Այդ սպիտակուցները կարող են օգտագործվել որպես անասնակեր, ինչն էլ կբարձրացնի կաթի և մսի որակը:

Ռուբինա Հարությունյան (ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի ուսուցչուհի) - Այսպիսի միջոցառումները իհարկե մեծ խթան են և՛ աշակերտների, և՛ ուսուցիչների շրջանում, և դա մեծ զարկ է գիտության զարգացման համար Հայաստանում: Դա կարծես գիտելիքների կիրառական ոլորտն է, այսինքն՝ աշակերտը կարողանում է տեսնել իր գիտելիքների գնահատականը:

Լավագույն եռյակի մյուս նախագիծը Կապանի համար 3 միջնակարգ դպրոցի աշակերտներն էին ներկայացրել. պլաստիկ շշերից դիզվառելիք ստանալու մեթոդ են մշակել: Պարգևատրմանը նրանք ներկա չէին:

Համադպրոցական գիտության փառատոնն այս տարի կայացել է երկրորդ անգամ, և արդեն երկրորդ անգամ Հայաստանը հնարավորություն է ստացել մասնակցելու ԱՄՆ-ում անցկացվող փառատոնին, որը շուրջ մեկդարյա պատմություն ունի: Նախորդ տարի, ի դեպ, հայաստանցի դպրոցականները 4-րդ տեղն էին զբաղեցրել:

Հեղինակ` Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում