Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի առօրյան և պետության աջակցությունը

ԼԼիլիթ Ասատրյան

Մոնիկան Սյունիքի մարզի Արավուս գյուղի միակ գառն է: Պատերազմից հետո արոտավայրերի խնդրի, հետո նաև՝ խոտի թանկացման պատճառով շատերն են իրենց անասունները վաճառել:

Գարիկ Քոչարյան (Արավուսի բնակիչ) - Դժվար է պահելը, արոտավայր չկա, եթե արոտավայրերի հարցը լուծվի, անպայման նորից կշատացնեն:

Այստեղ ապրուստի հիմնական միջոցը անասնապահությունն է: Արավուսում նոր դեմքեր տեսնելիս չզարմացան, ասում են` հիմա հյուրեր հաճախ են գալիս:

Գարիկ Քոչարյան - Չեն մոռացել, ամեն ձևի գալիս են, օգնում են, հարցնում են` ում ինչ խնդիր կա:

Շատերն են օգնում, բայց առաջինը պետության օգնությունն են զգացել:

Ալվարդ Բաբայան (Արավուսի բնակիչ) - Խոտի, վառելափայտի փողի փոխհատուցում են տվել, պետք էր, բա ինչ էր, սահմանամերձերին ինչ էլ որ տան, պետք է:

Կառավարությունը սահմանամերձ համայնքների բնակիչների առօրյա հոգսերը մեղմելու նպատակով սոցիալական աջակցություն է տրամադրում:

Աննա Իվանյան (ՀՀ ՏԿԵՆ Տարածքային զարգացման պլանավորման բաժնի պետ) - Սոցիալական աջակցությունը տրամադրվում է էլեկտրաէներգիայի, բնական գազի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման և անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցման ձևով:

Պետական աջակցության միջոցառմամբ փոխհատուցում է տրամադրվում Ադրբեջանին սահմանակից 5 մարզի 81 բնակավայրի:

Աննա Իվանյան - Հաշվարկն ընթանում է այսպես` օրացուցային տարվա ընթացքում գումարային մինչև 1440 կվ/ժ էլեկտրաէներգիայի համար վճարումները գանձվում են հաստատված սակագնից նվազեցված գնով 50 տոկոսի չափով՝ ներառյալ ԱԱՀ-ն: Բնական գազի դեպքում օրացուցային տարվա ընթացքում գումարային մինչև 360 խ/մ գազի համար հաստատված սակագնից նվազեցված գնով 50 տոկոսի չափով 2021-ին Պետբյուջեից սահմանամերձ բնակավայրերին հատկացվել է 1 մլրդ 155 մլն դրամի սոցիալական աջակցություն, որից փաստացի ծախսվել է 924 մլնը: 2022-ին նախատեսված աջակցությունը նույնքան է: Չգազիֆիկացված բնակավայրերի բնակիչներին տարեկան մինչև 180 խ/մ բնական գազի քանակությանը համարժեք գումար է տրամադրվում:

Պատերազմից հետո Արավուսից ոչ միայն չեն հեռացել, այլև ազատ որևէ տուն չկա: Արցախից այստեղ վերաբնակեցվածները քիչ չեն: Վալերի Մաթոսյանը Քաշաթաղից է:

Վալերի Մաթևոսյան (Արցախից վերաբնակեցված) - Երկու կով ունեի, եթե դրանք չլինեին, լրիվ թողնելու էի էնտեղ, մեկն էլ չէի կարողանալու բերել, մեկի անունը Եղնի էր, մյուսինը՝ Սաթիկ:

Պետությունից ստացել և շարունակում են աջակցություն ստանալ, դրամական աջակցությունից, սնունդից մինչև հագուստ, ներքնակներ ու վառելափայտ:

Վալերի Մաթևոսյան - 300-ներն ենք ստացել, 68-ը և 25-ը, էս վերջերքը Կարմիր խաչը որ եկավ, մենք էլ 280 ռուբլի ստացանք:

Աջակցության գումարով հավ են գնել: Արդեն շուրջ երեսունն ունեն:

Ելենա Հայրապետյան (Արավուսի բնակիչ) - Էս րոպեին ոչինչ չեմ ուզում, մի կացարան լինի, մի տուն լինի, որ իմ սեփականը լինի:

Սա Սյունիքի Տեղ բնակավայրն է:

Լորետա Բաբայան (Տեղ գյուղի բնակիչ) - Գումար տրամադրեն, թռչնաբուծական ֆերմա, հավեր, հնդկահավեր պահեմ կամ չրանոց բացեմ հարևաններիս հետ, ինչ ուզում ա լինի, ամեն տեղ գլուխ կհանեմ:

Սահմանամերձ դառնալուց հետո զբաղվածության խնդիր շատ համայնքներում կա, պետությունը քայլ առ քայլ դրանց լուծումներ է տալիս, նշում են ՏԿԵՆ նախարարությունից:

Աննա Իվանյան - Շիկահող բնակավայրում հիմնվել է կարի արտադրամաս, որտեղ աշխատում է շուրջ 15 կին, ապահովվել է աշխատանքի կայունությունը, մի շարք համայնքների համար ձեռք է բերվել հողի կուլտիվատոր և խոտհնձիչ:

Դավիթ Բեկում հիմնվել է զարգացման կենտրոն, Եղվարդում դրա կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են, Սյունիք, Ծավ և Խոտ գյուղերում նույնպես նախատեսվում է զարգացման կենտրոններ կառուցել:

Խոտ բնակավայրում էլ ձմռան այս շրջանում շինարարական եռուզեռ է: Ճանապարհ են կառուցում:

Թանգի Իվանյան (Խոտ գյուղի բնակիչ) - Էս էն Գորիս-Կապան ճանապարհին փոխարինող ճանապարհն ա, հիմա էս ճանապարհը գցում են, որ գնա, Որոտանով բարձրանա գնա Ղափան, Մեղրի, Քաջարան:

Ճանապարհի համար գյուղում բոլորն ուրախ են, շեշտում են՝ սա ոչ միայն իրենց, այլև ամբողջ պետության համար կարևոր ենթակառուցվածք է: Միայն Ռայա տատը մտահոգություն ունի:

Ռայա Կարապետյան (Խոտ գյուղի բնակիչ) - Ես կցանկանայի` էն կողմով գնար ճանապարհը, գյուղով գնար, բայց ոչ մեր էս ճամփով, որովհետև երեխեքը շատ են, թոռները շատ են, մի քիչ վտանգ է, էլի:

Իր անհանգստությունը հասկանալի է, 45 տարի գյուղի մանկաբարձն է եղել, գյուղացիների մեծ մասին ինքն է օգնել լույս աշխարհ գալ:

Գյուղի առօրյան նույնն է, ինչ առաջ, ոչինչ չի փոխվել՝ նշում է Սիրուհի տատը:

Սիրուհի Իվանյան (Խոտ գյուղի բնակիչ) - Վախ կա՞, ապրելու համա՞ր, չէէ, չէ:

Գյուղը լքելու մասին այստեղ ոչ ոք չի մտածում: Ասում են՝ պետությունը մեզ է աջակցում, մենք էլ՝ սահմանին բնակվելով, պետությանը:

Սիրուհի Իվանյան - Հողամասերի համար նախկին վարձերը չեն վերցնում, հանդամասերի ոռոգման ջրերը ձրի են, էս տարի չեն վերցրել:

Սուրճի սեղանի շուրջ Հաճախ են հարևաններով հավաքվում, խոսք ու զրույցի բռնվում, Սյունիքում միշտ տարբեր են կարծիքներն ու մոտեցումները, բայց մեկն է բոլորի ցանկությունը.

«Խաղաղություն, մենակ խաղաղություն, զինվոր թոռնիկ ունեմ, խաղաղ ծառայի, գա»:

Հեղինակ` Ռոզա Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում