Սկսվել է «Քայլ դեպի տուն» ծրագրի հայտերի ընդունումը. այն կշարունակվի մինչև մայիսի 15-ը

ԼԼիլիթ Ասատրյան

Սփյուռքի 400 հայ երեխա ամառվա երկու շաբաթը կկարողանա անցկացնել հայրենիքում: Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը սկսել է «Քայլ դեպի տուն» ծրագրի հայտերի ընդունումը: Զարեհ Սինանյանը նշում է՝ 13-18 տարեկան մասնակիցները կայցելեն Հայաստանի տեսարժան վայրեր, կրթական օջախներ, կծանոթանան հայկական մշակույթին, ժամանակ կհատկացնեն նաև ժամանցին:

Զարեհ Սինանյան (Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար) - Երեխաներին տալու ենք այն ամենը, ինչը կարելի է տալ ամառվա ընթացքում, երկու շաբաթվա ընթացքում՝ նրանց ավելի կապելով Հայրենիքի և իրենց մշակույթի հետ:

Ծրագրին մասնակցելու դիմումը պետք է լրացնել հանձնակատարի գրասենյակի կայքում: Այս տարի, բացի անհրաժեշտ փաստաթղթերից, թեկնածուն պիտի ներկայացնի նաև 1-րոպեանոց տեսանյութ՝ պատմելով, թե ինչու է ցանկանում մասնակցել ծրագրին:

Զարեհ Սինանյան - Սա մի քայլ էր, որին մենք դիմեցինք՝ հաշվի առնելով անցյալի փորձը: Հաճախ երեխաները գալիս էին, բայց հստակորեն չէին հասկանում՝ ո՛ւր են եկել և ինչո՛ւ: Երբ նման պահանջ ենք դնում, արդեն երեխաներն էլ կամա թե ակամա ծանոթանում են ծրագրին, և արդեն իրենք էլ ներգրավվում են մինչև իսկ Հայաստան գալը:

Հայտերի ընդունման մեկնարկը տրվել է մարտի 25-ին: Հինգ օրում մասնակցության համար դիմել է մոտ 160 հոգի:

Իսկուհի Ազիզյան («Քայլ դեպի տուն» ծրագրի համակարգող) - Հենց 25-ին՝ արդեն հայտարարությունը կայքում դրվելուց հետո, միանգամից 25 հայտ ենք ունեցել:

Իսկուհու աշխատասենյակում փակցված է «Քայլ դեպի տան դայակ» գրությամբ ժապավենը: Այսպես նրան անվանում են գործընկերները՝ արդեն 9 տարի «Արի տուն» և «Քայլ դեպի տուն» ծրագրերով ապրելու համար:

Իսկուհի Ազիզյան - Օրվա 24 ժամ, եթե ծնողներից, երեխաներից որևէ մեկը ծրագրի հետ կապված ինչ-որ հարց ունի, ես միշտ հասանելի եմ բոլորին, ու դա ա երևի պատճառ հանդիսացել, որ ես ստացել եմ այդ տիտղոսը:

Այս տարի ևս մասնակիցների ցուցակագրմամբ զբաղվում է Իսկուհին: Հայտնում է՝ դիմորդները դեռ 9 երկրից են:

Իսկուհի Ազիզյան - Ստացել ենք Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Կանադայից, Ամերիկայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից: Այս երկրներից ենք դեռևս ստացել հայտեր, հուսանք՝ ավելի մեծ աշխարհագրություն կունենանք:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը «Քայլ դեպի տան» նախորդ 3 ծրագրերը հաջողված է համարում: Վստահ է՝ այս մեկն էլ բացառություն չի լինի: Ծրագրի ստացված լինելու յուրահատուկ ցուցիչ ունի:

Զարեհ Սինանյան - Շատ դեպքերում, նույնիսկ այն երեխաները, որոնք մասնակցել են ծրագրին ակամա, ասենք՝ ծնողներն են ուղարկել, արտասվելով են հրաժեշտ տալիս ծրագրին և արտասվելով են հեռանում հայրենիքից: Սա է ամենամեծ ցուցիչը:

«Քայլ դեպի տուն-2022»-ի հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 15-ն է: Ծրագիրը կանցկացվի հունիս-օգոստոսին:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում