Հայաստանը խելացի ներդրումների համառ ջատագովն է․ փոխվարչապետը ԱՄԷ-ում մի շարք հանդիպումներ է ունեցել

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանը խելացի ներդրումների համառ ջատագովն է: Դուբայում տեղի ունեցած «Ամենամյա ներդրումային համաժողով-2022» միջոցառմանը ելույթ ունենալիս հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ու ներդրողներին կոչ արել՝ առանց վարանելու գործի անցնել:

Փոխվարչապետը վստահեցրել է՝ Հայաստանի կառավարությունը հավատարիմ է իր «բաց դռների» քաղաքականությանը և մուտք գործող ներդրումների համար թափանցիկ, արդար և շահավետ միջավայրի ապահովմանը:

Նա օտարերկրյա ձեռնարկատերերին առաջարկել է իրենց հաջորդ բիզնես նախաձեռնությունների համար դիտարկել նաև Հայաստանը։ Փոխվարչապետը հանդիպել է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների էկոնոմիկայի նախարար Աբդալլահ բին Տուկ ալ-Մարրիին։ Նախարարը կարևորել է երկու երկրում առկա ներդրումային հնարավորությունների մասին տեղական գործարար շրջանակներին տեղեկացնելու անհրաժեշտությունը: Բարձր է գնահատվել հատկապես վերջին տարիներին էմիրաթական ընկերությունների կողմից Հայաստանի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը:

Առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունն առավել զարգացնելու նպատակով կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի` Աբու Դաբիում անցկացումը, ինչը կարևոր պայման է երկկողմ համագործակցության դինամիկայի ցանկալի մակարդակն ապահովելու համար:

Այս հանձնաժողովի անդրանիկ նիստը տեղի է ունեցել Երևանում: Զբոսաշրջության, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման տեսանկյունից կարևորվել է 2 երկրի միջև ուղիղ ավիահաղորդակցության առկայությունը, ինչպես Աբու Դաբի, այնպես էլ դեպի Դուբայ և Շարժա ու հակառակ ուղղություններով չվերթները:

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է «ՄԱՍԴԱՐԻ» ԵՎ «ՔԱՐՖՈՒՐԻ» ՀԵՏ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Միացյալ Էմիրություններում Մաթևոսյանը նաև հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահիին։ Ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են «Այգ-1»` 200 մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի ընթացիկ աշխատանքները և տեղեկացրել, որ կայանի կառուցումն ու գործարկումը` անհրաժեշտ հարակից ենթակառուցվածքներով, նախատեսում են ավարտին հասցնել մինչև 2023-ի դեկտեմբեր:

Փոխվարչապետը հանդիպել է նաև Քարֆուրի՝ Կառավարությունների հետ հարաբերությունների գծով ավագ փոխնախագահ Յունիս Ալ-Մուլային և միջազգային զարգացման գծով փոխնախագահ Պիեռ Կասի-Մատիսին։ Քննարկվել են ցանցի՝ դեպի Հայաստանի մարզեր ընդլայնվելու, ինչպես նաև հայկական ապրանքները Քարֆուրի համաշխարհային ցանցի միջոցով վաճառելու հնարավորությունները:

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակում Հայաստանի փոխվարչապետը հանդիպել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսի գլխավոր քարտուղար Ռեբեկա Գրինսպանին: Բարձր է գնահատվել տնտեսության դիվերսիֆիկացման, մարդկային կապիտալի ու կայուն տնտեսական զարգացման ուղղություններով համագործակցությունը, քննարկվել են հետքովիդյան իրավիճակի առանձնահատկությունները` դեպի ծով ելք չունեցող պետությունների համար, կարևորելով վերջիններիս կարիքներին հարմարեցված լուծումների անհրաժեշտությունը:

Գրինսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցել մասնավոր հատվածի` թվայնացմանը պատրաստ լինելու գնահատման և ճանապարհային քարտեզի մշակման հարցերում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում