Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտում: Այսօր տարածված հայտարարության մեջ նշել է Արցախի պաշտպանության բանակը:
Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր: Ավելին. ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել Պաշտպանության Բանակի ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող:
Տարբեր աստիճանի վիրավորում է ստացել պաշտպանության բանակի հինգ պայմանագրային զինծառայող: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Առավոտյան ժամը 9-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն ադրբեջանական ստորաբաժանումներին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ:
Երեկ ուշ երեկոյան հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները: Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Ասկերանի շրջանում վերջին զարգացումները՝ կապված Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումների կողմից շփման գիծը խախտելու, և դրա հետևանքով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի հետ։ Հայաստանի պաշտպանության նախարարը շեշտել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։ Սերգեյ Շոյգուն հավաստիացրել է, որ իրադրությունը ռուսական կողմի ուշադրության կենտրոնում է և ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։
Հայաստանի արտգործնախարարությունն էլ արդեն ժամը 11-ի սահմաններում տարածած հայտարարության մեջ նշել է, որ Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ադրբեջանական ներխուժումը շարունակվում է: Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ:
Ակնկալում ենք, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի Ադրբեջանի զինված ուժերի ներխուժած ստորաբաժանումների անհապաղ դուրս բերումը ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց ապահովելու համար, ինչը պիտի նշանակի ադրբեջանական ստորաբաժանումների վերադարձ մարտի 23-ի ելման դիրքեր:
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերի տեղակալ Քերըն Դոն-ֆրիդի հետ և ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և Արցախի Փառուխ գյուղ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայատարարություններով ամրագրված պարտավորությունները՝ վտանգելով տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը: Միրզոյանը անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու և հոգեբանական ճնշումներ գործադրելու, կենսական նշանակության ենթակառուվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողություններին։ Նախարարը շեշտել է միջազգային հանրության, այդ թվում ԱՄՆ-ի հասցեական ու հստակ արձագանքի անհրաժեշտությունը: Երկուստեք կարևորվել է իրավիճակի դեէսկալացիային ուղղված քայլերի իրականացումը:
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է գազամատակարարման խափանումներով և Ադրբեջանի զինուժի տեղաշարժերով։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղիղ կապի միջոցները իրավիճակի անհապաղ ապաէսկալացիայի համար»,- ասվում է պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերի բյուրոյի թվիթերի էջում։
Արցախի արտաքին գործերի նախարարությունն էլ հայտարարել է, որ վերջին գործողությունները տրամաբանական շարունակությունն են Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնած ահաբեկչական արշավի, որը դրսևորվում է խաղաղ բնակչության վրա հոգեբանական ճնշումների գործադրմամբ, կրակի դադարեցման ռեժիմի պարբերական խախտումներով և Արցախը սնուցող միակ գազատարի խափանմամբ, ինչի արդյունքում հանրապետությունում հումանիտար ծանր իրավիճակ է ստեղծվել։
Արցախի ԱԳՆ Ադրբեջանի կողմից իրականացվող այս բոլոր գործողությունները ոչ այլ ինչ են քան պետականորեն ուղղորդված էթնիկ զտման քաղաքականություն՝ միտված Արցախի լիակատար հայաթափմանը։
Ադրբեջանի աշխարհաքաղաքական նպատակները ակնհայտ են` ահաբեկել Արցախի ժողովրդին, հարված հասցնել ՌԴ խաղաղապահ առաքելությանը, Անդրկովկասը դարձնել պանթյուրքիզմի և ծայրահեղականության պլացդարմ` հետագայում ավելի լայն ծրագրերի իրականացման նպատակով:
Արցախի ժողովուրդը շարունակում է ամուր կանգնել իր հողում և երբևիցե չի հրաժարվելու իր հայրենիքից, չի ընկրկելու թշնամու ստորությունների ու նենգության առաջ:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, դատապարտելով ադրբեջանական զինուժի ներխուժումը Փառուխ գյուղ, մասնավորապես նշել է, որ դա Ադրբեջանի հանցավոր պետական քաղաքականության ուղղակի տրամաբանական շարունակությունն է և կոչ արել մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին գործել՝ դադարեցնելու Արցախի բնակչության դեմ ուղղված ցեղասպան քաղաքականությունը:
Ամոթալի փաստ է, որ Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման քաղաքականությունն Ադրբեջանի պետական առաջնահերթությունն է, որին ստորադասվում են այդ իսկ պետության կողմից ստանձնած միջազգային իրավունքի պարտավորությունները, դրժվում են իր իսկ կողմից ստանձնած իրավական պարտավորությունների ներքո դրված ստորագրությունները։ Արցախում մարդու իրավունքների խախտումներն արձանագրելու վերաբերյալ միջազգային հանրության «անհարմար» լռությունն առայժմ չի ուղեկցվում իրավիճակի շտկմանն ուղղված իրական գործողություններով։ Իսկ մարդիկ Արցախում ունեն նույն իրավունքներն, ինչպես աշխարհի մյուս ծայրերում։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ հայտարարել է, որ Ադրբեջանի հանցավոր ու լկտի վարքագիծը ապտակ է ողջ քաղաքակիրթ մարդկությանը, որը շարունակում է համառորեն լուռ մնալ: Դիմելով միջազգային հանրությանը՝ նա գրել է. «Փաստերն ու վկայություններն առավել քան բավարար են գործի դնելու համար ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, զանգվածային հանցավոր չարագործությունները կանխելու և դադարեցնելու համար ձևավորված «պաշտպանելու պատասխանատվության» նորմը, ճանաչել Արցախի Հանրապետությունը ու փրկել Արցախի հայությանը էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկվելուց:
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ Արցախի իշխանությունները Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ակտիվ երկխոսության մեջ են: Գործադրվում են բոլոր ջանքերը, որ ռուսական կողմն իր առաքելության շրջանակում բոլոր մակարդակներում համապատասխան միջոցներ կիրառի՝ մարտի 24-ին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատված ներխուժած ադրբեջանական զորքին ելման դիրքեր վերադարձնելու համար: Դրան զուգահեռ՝ Արցախի զինված ուժերը լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում հարակից գյուղերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Ակնկալվում է, որ ռուս խաղաղապահ առաքելությանը կհաջողվի իր վերահսկողության տիրույթում ծագած խնդիրները կարգավորել և, ադրբեջանական կողմի հետ քաշումից հետո, անվտանգային լրացուցիչ երաշխիքների տրամադրմամբ խաղաղ բնակչությունը կվերադառնա:
Հեղինակ՝ Աննա Զախարյան













