ՀՔԱՎ գրասենյակը հրապարակել է պատերազմի ընթացքում անհետ կորած անձանց իրավունքներին վերաբերող զեկույց

ՄՄայա Խաչատրյան

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրապարակել է 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած անձանց և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին վերաբերող զեկույց: Գրասենյակը պատերազմի առաջին օրերից թեժ գծի միջոցով տեղեկություններ է հավաքել, գործակցել պաշտպանության նախարարության հետ:

Արմինե Սադիկյան (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ) -  Փորձեցինք այստեղ ներկայացնել տվյալները, որոնք հավաքվել են 104 անհայտ կորած քաղաքացիների ընտանիքների անդամների հետ հարցազրույցների արդյունքում: Փորձել ենք վեր հանել այն խնդիրները, որոնց առնչվել են ընտանիքի անդամները թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ դրանից հետո:

Խնդիրները, ըստ Սադիկյանի, սոցիալական, կրթական, առողջապահական, իրավական բնույթի են: Առաջնայինը պետական մարմիններից տեղեկություն ստանալու իրավունքի ապահովումն է, մյուսը՝ ԴՆԹ հետազոտության տվյալների նույնականացման հարցը: Հարցերն ու առաջարկները ներառել են զեկույցում, այն կներկայացնեն պետական մարմիններին:

Արմինե Սադիկյան - Կարևորում ենք անհայտ կորածի մասին օրենքի ընդունումը, բացակայության հետևանքով որոշակի լուծումներ, որ պետությունը փորձել է գտնել, հատվածական բնույթ են կրում, դրա համար օրենքը կտա համապարփակ լուծում:

Քննչական կոմիտեի այս պահի տվյալով՝ 2020-ի պատերազմի հետևանքով զոհվել է 3822 անձ, 1431-ի ինքնությունը պարզվել է դատագենետիկական փորձաքննության միջոցով: Անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը:

Ռաֆայել Վարդանյան (ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ) - Յուրաքանչյուր գտնվելու վայրն անհայտ անձի մասով իրականացնում ենք, նախաքննության, քննության առարկա են դարձվում անհայտ կորելու հանգամանքները պարզելու ուղղությամբ, իրականացվում են քննչական, դատավարական գործողություններ: Տեղեկությունները, որ ստանում ենք, փոխանցում ենք էն որոնողական աշխատանք իրականացնող խմբերին:

Պաշտպանության նախարարության զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով վարչության պետը քննարկմանը ներկայացրել է գործող սոցիալական երաշխիքների ու արտոնությունների համակարգը: Կատարվել են օրենսդրական փոփոխություններ՝ անհետ կորածին անհայտ բացակայող ճանաչելու համար:

Ալեքսանդր Ավետիսյան (ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով վարչության պետ) - Ներկայացվեց «Կամուրջ» ծրագիրը, երբ անհետ կորած համարվող, բայց դեռևս բացակայող ճանաչված անձանց ընտանիքների անդամներին վճարվում է 300 հազար դրամ փոխհատուցում՝ մինչև կարգավիճակի հաստատումը:

Կառավարության որոշմամբ՝ այդ ծրագիրը երեք ամսով երկարաձգվել է: Ալեքսանդր Ավետիսյանի խոսքով՝ անհետ կորածների ընտանիքներին առաջարկել են դիմել անձին անհայտ բացակայող ճանաչվելու հարցերով:

Անհայտ բացակայող ճանաչվող անձինք, նաև որոշակի չափանիշներին համապատասխանելու դեպքում, կհաշվառվեն ՊՆ բնակարանային ապահովման ծրագրում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում