Ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություններ են նախատեսվում

ԱԱրևիկ Աբելյան

Ուսուցիչների կամավոր ատեստավորումը նոր նախագծով կարող է լինել 2 տիպի՝ կախված առարկայից: Հիմնական առարկաների դեպքում թեստային տարբերակը կպահպանվի, ինչպես նախորդ տարի էր: Իսկ «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաները դասավանդող ուսուցիչների, ինչպես նաև դասվարների ատեստավորումը կլինի համապատասխան բուհում բանավոր կամ գրավոր:

Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Այն բուհը, որտեղ պատրաստվում են այդ ուղղությամբ մանկավարժները, կարող է նաև կազմակերպել համապատասխան մասնագիտական հանձնաժողովի միջոցով ատեստավորման գործընթացը:

Ձևաչափը դեռ քննարկվում է: Չի բացառվում՝ առաջարկները հաշվի առնվեն, և «Պատմություն» ու «Հասարակագիտություն» դասավանդող ուսուցիչների ատեստավորումը ևս բանավոր լինի: Հայաստանի պետական մանկավարժական համալսարանին, օրինակ՝ առաջարկվել է այս փուլում կազմակերպել կերպարվեստի, երգեցողության, տեխնոլոգիայի ուսուցիչների ատեստավորումը:

Նաիրա Սաֆարյան (Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսումնական գործընթացների հարցերի պրոռեկտոր) - Մենք արդեն առաջարկը բերել ենք, մասնագետների հետ առաջին հանդիպումը այսօր կազմակերպել ենք:

Պրոռեկտորը նկատում է՝ այդ առարկաներն ունեն առանձնահատկություններ, և կարևոր են ուսուցչի գործնական հմտությունները: Բայց ատեստավորման ճիշտ ձևաչափը կորոշվի քննարկումների արդյունքում:

Նաիրա Սաֆարյան - Երաժշտական կրթությամբ 425, կերպարվեստի՝ ունենք 690-ի կարգի ուսուցիչ, և «Տեխնոլոգիա» առարկայի ունենք մոտ 800 ուսուցիչ: 

Եթե նախորդ տարի կամավոր ատեստավորմանը կարող էին մասնակցել միայն 7-12-րդ դասարաններում և սահմանափակ թվով առարկաներ դասավանդող ուսուցիչներ, նոր նախագծով կամավոր ատեստավորման դիմելու հնարավորություն ունեն բոլոր ուսուցիչները: Համատեղությամբ աշխատելը ևս սահմանափակում չէ: Իսկ գործընթացը, Երևանից բացի, կկազմակերպվի նաև մարզերում՝ կախված դիմումների ծավալից ու աշխարհագրությունից:

Ժաննա Անդրեասյան - Հստակեցրել ենք պահանջները, որ մինչև ատեստավորման գործընթացը պետք է հրապարակվեն համապատասխան ուղեցույցները, և դրանք իրենց մեջ պիտի պարունակեն նաև նմուշները այն առաջադրանքների, որոնք լինելու են թեստավորման ժամանակ:

Նոր կարգով առաջարկվում է բավարար արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը նախ դարձնել նվազագույնը 200 հազար դրամ, իսկ հավելավճարը՝ այդ գումարի 30-50 տոկոսի չափով: Նախորդ տարի հավելավճարի իրավունք ստացած ուսուցիչներին փոփոխությունը չի վերաբերում: Նախարարի տեղակալը պարզաբանում է՝ վերաբերմունքի հարց չէ, խնդիրը իրավական դաշտում է. նախորդ տարվա փորձնական ծրագրից հետո կամավոր ատեստավորման գործընթացը «Հանրակրթության մասին» օրենքում ամրագրվել է այս տարի: Արդյոք օրենքին հնարավո՞ր է հետադարձ ուժ տալ՝ դեռ կքննարկեն արդարադատության նախարարության հետ:

Ժաննա Անդրեասյան - Իհարկե սա չի նշանակում, որ չենք կարող փնտրել ճանապարհներ՝ այս ուսուցիչներին նաև խրախուսելու, և այս պահին մեզ մոտ բոլոր մոտեցումները դեռևս նախագծեր են:

Նախորդ տարվանից հավելավճար ստացող ուսուցիչները ատեստավորմանը կարող են դիմել նաև այս տարի: Ավելի ցածր արդյունք գրանցելու դեպքում կպահպանվի նախորդ բարձր միավորը:

Հեղինակ՝ Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում