Ավելի քան 400 հազար դեղաչափ «Պֆայզեր»` Հայաստանին. Պորտուգալիայի նվիրատվության մի մասը տեղ է հասել

ԼԼիլիթ Ասատրյան

Պորտուգալիայի կառավարությունը Հայաստանին է նվիրաբերել COVID-19-ի դեմ «Պֆայզեր» պատվաստանյութի ավելի քան 400 հազար դեղաչափ: Առաջին խմբաքանակը՝ շուրջ 200 հազար դեղաչափը, Հիվանդությունների վերահսկման կենտրոնի «Ռեֆերենս» լաբորատորիայում առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին են հանձնել Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը և Լեհաստանի դեսպանի առաջին խորհրդական Կրիժշտոֆ Բարչակը: «Պֆայզերի» մյուս խմբաքանակը Հայաստան կառաքվի ապրիլին:

Անդրեա Վիկտորին (Հայաստանում Եվրամիության դեսպան) - Յուրաքանչյուրը պետք է պատվաստվի:

Պատվաստանյութը Հայաստանին է փոխանցվել Եվրոպական Միության կողմից Արևելյան գործընկերության երկրներում պատվաստումային գործընթացը խթանելու նպատակով ստեղծված Եվրոպական հանձնաժողովի Team Europe նախաձեռնության շրջանակում, որի համակարգողը Լեհաստանի Հանրապետությունն է:

Կրիժշտոֆ Բարչակ (ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի առաջին խորհրդական) - Պատվաստանյութերի նվիրատվությունն արտահայտում է համավարակի դեմ պայքարում ԵՄ-ի սոլիդարությունն Արևելյան գործընկերության երկրների հետ:

Այս նախաձեռնության շրջանակներում Պորտուգալիայի նվիրատվությունը Հայաստանին ԵՄ անդամ պետությունների առաջին նվիրատվությունն է Արևելյան գործընկերության երկրին: Հետագա նվիրատվությունները նախապատրաստական փուլում են: Համավարակի զսպմանն ուղղված աջակցության համար շնորհակալություն հայտնելով Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը նշել է, որ Հայաստանում արդեն 2 միլիոնից ավելի դեղաչափ պատվաստում է իրականացվել, 95 հազարից ավելի մարդ ամբողջապես պատվաստվել է:

Լենա Նանուշյան ( ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ) - Մեր երկիրն անում է ամեն բան պատվաստանյութերի բազմազանությունն ապահովելու համար, և այս նվիրատվությունը ևս մեկ քայլ է՝ պատվաստանյութերի հասանելիությունն ապահովելու հարցում։

Քովիդ 19-ի և դրա հետևանքների դեմ պայքարը շարունակում է համարվել մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերներից մեկը: Որքան էլ կորոնավիրուսային հիվանդության ալիքը ժամանակ առ ժամանակ իջնում է, ու Հայաստանում էլ հիմա այն բավական ցածր է, պատվաստումները խրախուսվում են՝ անցանկալի հետևանքները կանխելու համար:

Հեղինակ` Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում