Արցախի ճակատային Թաղավարդից ռուս խաղաղապահներն Ադրբեջանին հրադադարը պահպանելու կոչ են հղել

ԼԼիլիթ Ասատրյան

Արցախի ճակատային Թաղավարդից ռուս խաղաղապահներն Ադրբեջանի զինծառայողներին հրադադարը պահպանելու կոչ են հղել: Ռուսերեն, ադրբեջաներեն ու հայերեն նրանց հորդորել են պահպանել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները:

Վերջին օրերին համայնքի ուղղությամբ ադրբեջանական դիրքից հաճախ են կրակում, նաև ձայնագրությամբ զգուշացնում, որ գյուղից չհեռանալու դեպքում ուժ կկիրառեն խաղաղ բնակչության նկատմամբ:

Էդիկ Թովմասյան (Արցախի Թաղավարդ համայնքի բնակիչ) - Ուզում են միկրոֆոնով մեր գյուղը գրավեն, այդպիսի բան լինո՞ւմ է, նոր զե՞նք են ստեղծել մեզ համար:

Թաղավարդում ամեն օր ադրբեջանական կոչեր ու մուղամներ են լսվում, իսկ գյուղի տարածքը հակառակորդի թիրախում է:

Մանյա Ազարյան (Արցախի Թաղավարդ համայնքի բնակիչ) - Եթե միայն ես լինեմ, այդքան չեմ մտածի, բայց որ փոքր երեխաներ կան, արդեն առաջին հերթին անհանգստանում ենք երեխաների համար:

44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը գյուղի կեսն օկուպացրել է: Եղածը պետք է պահել, ասում են բնակիչները: Արցախի ՊՆ հաղորդմամբ` ընդհանուր առմամբ, գիշերը իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել: Ու թեև վերջին օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել, Արցախը շարունակում է մնալ առանց գազի:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հաղորդագրություն է ուղարկել միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական առաքելություններին՝ կոչ անելով հստակ արձագանքել Ադրբեջանի հանցավոր վարքագծին:

«Մարդիկ զրկված են ապրելու տարրական պայմաններից, հնարավոր չէ իրացնել առողջապահական, կրթության իրավունքը»,- նշում է Հայաստանի ՄԻՊ-ը: Զուգահեռ թիրախավորվում է խաղաղ բնակչությունը:

Խրամորթում քաղաքացիական մեկ անձ վիրավորում է ստացել։

Այս ամենը միտված է Արցախում ապրող մարդկանց շրջանում վախի, ահաբեկման մթնոլորտը պահպանելուն՝ նպատակ ունենալով հայաթափել ու էթնիկ զտման ենթարկել Արցախը իր բնիկ հայերից

Զուգահեռ՝ հակառակորդը շարունակում է կեղծ լուրերի տարածումը: Արցախի անվտանգության խորհուրդը վստահ է՝ դա արվում է բնակչության շրջանում խուճապ առաջացնելու համար:

Արցախի պաշտպանության բանակն իրականացնում է իր առջև դրված խնդիրները՝ համաձայն նախօրոք հաստատված պլանների։ Պաշտպանության բանակն ուշադիր հետևում է ադրբեջանական կողմի բոլոր շարժերին. շփման գծի ամբողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Արցախի անվտանգության խորհուրդը հորդորում է հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում