Մեկնարկում է «իԳործ 2022» ծրագիրը. սփյուռքահայերը մեկ տարի կաշխատեն ՀՀ կառավարման մարմիններում

ՄՄայա Խաչատրյան

«իԳործ»-ը՝ սփյուռքահայ մասնագետներին հայրենիք հրավերի ծրագիր. մեկնարկում է «իԳործ 2022»-ը՝ արդեն երրորդ անգամ հնարավորություն տալով սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին մեկ տարի աշխատել Հայաստանի պետական կառավարման 20-ից ավելի մարմիններում: Ծրագիրն իրականացվում է 2020 թվականից:

Զարեհ Սինանյան (ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար) - Մենք փորձում ենք ոչ միայն ներգրավել սփյուռքյան մասնագիտական ինտելեկտուալ կարողությունները Հայաստանի կառավարման համակարգում, այլ նաև ևս մեկ թելով կապել սփյուռքը հայրենիքի հետ, ներգրավվածություն ապահովել սփյուռքի համար Հայաստանում:

2022-ի հայտադիմումներն ընդունվում են մինչև ապրիլի 30-ը: Իրենց գիտելիքն ու փորձը հայրենիքին ծառայեցնելու ցանկությամբ սփյուռքահայ մասնագետներն արդեն կարող են առցանց լրացնել դիմումը: Կարող են դիմել բակալավրի աստիճան և առնվազն 5 տարվա կամ մագիստրոսի աստիճան և 3 տարվա աշխատանքային փորձ ունեցող անձինք:

Հերմինե Հարությունյան («իԳործ» ծրագրի ղեկավար) - Մենք կոչ ենք անում մեր բոլոր սփյուռքահայ մասնագետներին, ովքեր համապատասխանում են նվազագույն չափանիշներին, ակտիվորեն ուղարկեն հայտերը, հայտադիմումները, որ հնարավորինս ընդգրկուն լինի մասնակցային գործընթացը:

Առաջին փուլն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի: Դիմումները կհամադրվեն պետական մարմիններից ստացած կարիքների վերաբերյալ տվյալների հետ: Ծրագրի մասնակից ընտրված սփյուռքահայերը սեպտեմբերի 1-ից կաշխատեն տարբեր կառույցներում: Ծրագրով արդեն 100-ից ավելի սփյուռքահայ մասնագետ աշխատանքի է անցել Հայաստանի գերատեսչություններում և Արցախի պետնախարարի գրասենյակում: Սիսիան Պողոսյանը եկել է Տորոնտոյից: Նախկին իԳործականը հիմա Զբոսաշրջության կոմիտեի նախագահն է:

Կառույցը ղեկավարելու առաջարկից ոգևորված՝ Սիսիանը նշում է ամռանը սպասվող խոշոր միջոցառման մասին, որը կխթանի տուրիզմը:

Սիսիան Պօղոսեան (Զբոսաշրջության կոմիտեի նախագահ) - Հունիսին ունենալու ենք միջոցառումը, 150 հոգի կայցելի Եվրոպայից, կոնֆերանս 3 օրով: Խոսվելու է տուրիզմի մասին, ագրոտուրիզմ, գյուղական տուրիզմը կարևոր է:

Սիսիանը իԳործականներից միակը չէ, որ հայրենադարձվելու որոշում է կայացրել: Շատերն են մշտական բնակություն հաստատել հայրենիքում`զբաղեցնելով տարբեր պաշտոններ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում