Երևանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քննվող քրգործով 32-ամյա տղամարդ է ձերբակալվել

ՎՎահե Դավթյան

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով քննվող քրեական գործով քննություն է տարվում՝ Արարատյան փողոցում գտնվող փակ բաժնետիրական ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով 2022 թ. մարտի 2-ին՝ ժամը 18:50-ին, հիշյալ ընկերության անվտանգության պետը ահազանգել է  ՀՀ ոստիկանություն և տեղեկացրել, որ ընկերության աշխատակիցներից մեկը ոչ սթափ վիճակում հարվածել է անվտանգության աշխատակիցներից մեկին, ապա վնասել է վարչական շենքի մուտքի դուռը և նռնակը ձեռքին սպառնում է ինքնասպան լինել:

Նույն օրը՝ ժամը 20:05-ին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ սրունքի ոսկորների փակ կոտրվածք և դեմքի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ  բուժօգնության է տեղափոխել քաղաքացի, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է Արարատյան փողոցում:

Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հիշյալ ընկերության աշխատակիցն իր մոտ ապօրինի պահվող Ֆ1 տեսակի նռնակով ներս է մտել ընկերության տարածք, այնուհետև վիճաբանել է աշխատակիցներից մեկի հետ, որից հետո կոտրելով ընկերության գրասենյակի մուտքի դուռը և բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետևի հողմապակին՝ սպառնացել է իրեն պայթեցնել: Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ վերջինս իր ձեռքի նռնակը նետել է տարածքից դուրս, որը պայթել է:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել են արնանման հետքեր, մեկ հատ մետաղյա պնդօղակ՝ իր մետաղյա ելուստով, ինչպես նաև ընկերության տարածքից դուրս մոտ 50 սմ տրամագծով պայթյունի կոնաձև օջախ: Հարցաքննվել են ընկերության մի խումբ աշխատակիցներ:

Նույն օրը հիշյալ ընկերության՝ 32-ամյա աշխատակիցը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում