Ուկրաինայի իրադարձությունների ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա. ԿԲ կանխատեսումը

ԱԱրևիկ Աբելյան

Ռուբլու արժեզրկում, ռուսական բանկերի SWIFT համակարգից անջատում, գնաճ. Հայաստանի կենտրոնական բանկն անդրադարձել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հնարավոր ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա:

Գլխավոր դրամատունն առկա խնդիրները համարում է լուծելի և գնահատում դրանք որպես ֆինանսական կայունության համար ոչ էական ռիսկեր։ SWIFT համակարգից անջատումը վերաբերում է Ռուսաստանի խոշոր բանկերին միայն:

Արտակ Մանուկյան (ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ) - Այսինքն՝ այս պահի դրությամբ համեմատաբար ոչ խոշոր բանկերի հետ հայկական բանկերը կարող են ազատորեն գործառնություններ իրականացնել, և էդ մասով, ըստ էության, որևէ հավելյալ վտանգներ չկան:

Ինչ վերաբերում է ռուբլու արժեզրկմանը, այն ըստ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանի՝ կարճաժամկետ առումով կազդի արտահանման և տրանսֆերտների վրա:

Արտակ Մանուկյան - Այս պահի դրությամբ առկա է մեծ անորոշություն, որի մասին է վկայում նաև սպրեդը, այսինքն՝ առքի և վաճառքի գների մեծ տարբերությունը: Սա խոսում է անորոշությունների մասին, և այդ անորոշությունները նաև որոշակիորեն, ըստ էության, ներմուծվել էին Հայաստանի արժութային շուկա:

Հայաստանի գնաճի վրա այս զարգացումների ազդեցությունը ներկա պահին դժվար է գնահատել, քանի որ մի շարք գործոններ կան բարձր տատանողականությամբ: Ցանկացած պարագայում Կենտրոնական բանկից հայտնում են՝ հավատարիմ են գների կայունության ապահովման մանդատին և ապահովելու են այն իրավիճակի ցանկացած զարգացման պարագայում:

Բանկային և ֆինանսական համակարգը խնդիրներ չունի: Հայաստանում գործող բոլոր առևտրային բանկերը իրացվելի են, բարձր կապիտալացված և իրենց գործունեությունն իրականացնում են բնականոն եղանակով:

Արտակ Մանուկյան - Հայաստանի Հանրապետությունը մեծ հաշվով ինքն իր վրա զգացել ա էդ պատերազմի արհավիրքները, և ֆինանսական հատվածը կարողացել է դիմակայել այդ մարտահրավերներին, հետևաբար կարծում եմ, որ այս դեպքում միջնորդավորված ազդեցությունը շատ ավելի կառավարելի է, քան էն ազդեցությունը, որը մենք անձամբ, մեր երկրի քաղաքացիները զգացել են իրենց վրա:

Ըստ գլխավոր դրամատան՝ Հայաստանի տնտեսության վրա իրավիճակի ազդեցությունը կարող է նաև որոշակի դրական հնարավորություններ բացել մարդկային ռեսուրսների և կապիտալի ներհոսքի առումով։

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում