Հարմարավետ պայմաններով նոր փորձասրահ՝ Երևանի պարարվեստի պետական քոլեջում: 2020 թվականին կառավարության որոշմամբ 18 մլն դրամ է հատկացվել քոլեջի գլխավոր փորձասրահի վերանորոգման համար: ԿԳՄՍ փոխնախարարն անձամբ է եկել տեսնելու կատարված աշխատանքը, քննարկելու առաջիկա անելիքները:
Արա Խզմալյան (ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Առանց բարենպաստ պայմանների չի կարելի խոսել պրոֆեսիոնալ կատարելագործման կամ որակյալ կրթության մասին, դրա համար, երբ մենք խոսում ենք որակյալ կրթության որակի մասին, բացի մեթոդաբանությունից, բացի բովանդակային խնդիրներից՝ պետք է նկատի ունենանք զուտ տեխնիկական, գույքային պայմանները:
Փոխտնօրենի խոսքով, փորձասրահի փայտե հատակն ամբողջությամբ փտած էր, շարքից դուրս եկած, իսկ այդ պայմաններում պարապմունք անցկացնելը՝ գրեթե անհնար:
Հասմիկ Մարկոսյան (Երևանի պարարվեստի պետական քոլեջի փոխտնօրեն) - Ամբողջ հատակն ապամոնտաժվեց, ոչ միայն վերին շերտը, այլև բոլոր տակի էդ հիմնափայտերը, որից հետո նոր հատակ կառուցեցին, հղկեցին, և մասնագիտական լինոլեում ենք ձեռք բերել, որովհետև հիմա միայն լինոլեումի վրա են պարապում:
Փորձասրահում հիմնականում պարապմունքներն են անցկացնում ավարտական կուրսերի ուսանողները:
Տաթև Հովհաննիսյան (Երևանի պարարվեստի պետական քոլեջի ավարտական կուրսի ուսանող) - Խորդուբորդ փայտերը, էդ հատակը, որ գիտես՝ մասակդ, որ էդ օրն ես գնել, պատռվի, կամ կոշիկդ արդեն մաշվի, արդեն ընկճում է քեզ, բայց որգևորությունն ընդհանրապես չի փոխվում, ուղղակի, երբ մտնում ես դահլիճ, էս գեղեցկությունը տեսնում ես, արդեն էնտուզիազմով ես սկսում պարապել:
Աջակցությունը շարունակական է լինելու: Քոլեջի համար կարևոր ձեռքբերումներից փոխնախարարն առանձնացրեց Օպերային թատրոնի հետ համագործակցությունը. դրա շնորհիվ ուսանողները փորձ ձեռք կբերեն, աշխատանք գտնելու խնդիրն էլ կլուծվի:
Արա Խզմալյան - Առաջիկայում մեր առաջնահերթ խնդիրներից մեկը այս կառույցում լինելու է հենց ձևավորել մի միջանկյալ օղակ, որը կապահովի այս փորձի ձեռքբերումը, որ այստեղ ավարտողը միանգամից չհայտնվի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմին՝ չունենալով որևէ բեմական փորձ:
Պարարվեստի պետական քոլեջի ուսանողները նախորդ տարի մասնակցեցին SUMMEET ժամանակակից պարի միջազգային փառատոնին: Խզմալյանի խոսքով՝ պարարվեստի ոլորտում ամենամեծ բացը՝ ժամանակակից պարի բնագավառում է:
Արա Խզմալյան - Հիմա արդեն դրամաշնորհների պրոցեսը սկսել է, և ես չեմ կարող արդյունքներից առաջ ընկնել, բայց կարծում եմ, որ այնքան խոսուն ու արդյունավետ էր այդ փառատոնը, որ հավանաբար կարժանանա հանձնաժողովի հավանությանը, և մենք այս տարի կունենանք նույնքան նշանակալի մի իրադարձություն:
Երևանի պարարվեստի պետական քոլեջն ունի կառավարման նոր խորհուրդ: Պատրաստվում են տնօրենի ընտրությանը:
Հեղինակ՝ Էլեն Սարգսյան













