ՄԻՊ պաշտոնում Արման Թաթոյանի լիազորություններն ավարտվում են․ որոշել է՝ քաղաքական դաշտ չի մտնելու

ԱԱրսեն Մկրտչյան

Մարդու իրավունքների պաշտպանի աթոռը 6 տարի զբաղեցնելուց հետո Արման Թաթոյանը հեռանում է: Հայաստանի 4-րդ օմբուդսմենը դեռ միակն է, որ պաշտոնավարել է մինչև ժամկետի ավարտը: Ամփոփիչ ասուլիսում Թաթոյանն ընդգծում է՝ 2016-ի փետրվարի 23-ին պաշտոնը զբաղեցնելուց հետո բարձրացվել է ՄԻՊ ինստիտուտի աշխատանքի որակը:

Արման Թաթոյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան) - Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը լավագույններից է աշխարհում: Սա ընդունված է աշխարհում տարբեր կառույցների կողմից: Ես դա բաց ճակատով եմ ասում, այդպես էլ կա: Երաշխիքները բարձր մակարդակի են, երաշխիքներ ունենք՝ աշխարհը չունի: Սա մենք որպես շոուքեյս շատ միջազգային զեկույցներում ներկայացնում ենք, սրանք փաստեր են:

Արման Թաթոյանը հիշում է պաշտոնավարման ընթացքում բոլոր առանձնահատուկ դրվագները՝ Ապրիլյան պատերազմ, Ոստիկանության գնդի գրավում, կորոնավիրուսի համավարակ, անդրադառնում նաև 44-օրյա պատերազմին: Նշում է՝ այն Ադրբեջանի իշխանության հայատյացության հետևանքն էր:

Արման Թաթոյան - Սա ադրբեջանական թշնամանքի, ատելության քաղաքականությունն է: Եվ այն ոչ միայն հռետորաբանություն է, սա տարիներով կենսագործվող քաղաքականություն է՝ կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ, բոլոր ոլորտներում: Սա նաև ներքին քաղաքական կյանքի աղբյուր է ադրբեջանական իշխանությունների համար:

Արձագանքելով Ադրբեջանի կառավարող ուժի պատգամավորի՝ Երևանում արված հայտարարությանը, թե Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է, գերիներն էլ՝ վերադարձված, Թաթոյանն ընգծում է՝ Ադրբեջանը հայ գերիներին պահում է քաղաքական ու ռազմական առևտրի նպատակով:

Արման Թաթոյան - Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը չի ավարտվել: Սա կարևոր է արձանագրելու համար, որ նրանք գերիներ են: Նրանք, այո, կարգավիճակով գերիներ են և պահվում են քաղաքական հաշվարկների համար:

Մարդու իրավունքների պաշտպանը որոշել է՝ լիազորությունների ավարտից հետո քաղաքական դաշտ չի մտնի: Նման առաջարկներ ստացել է դեռ արտահերթ խորհրդարանական ընտրության ժամանակ, բայց մերժել է: Կզբաղվի հանրային գործունեությամբ:

Արման Թաթոյան - Հատկապես ադրբեջանական խախտումների հետ կապված: Շարունակելու ենք իրենց խախտումները վեր հանել, պատերազմական հանցանքները:

Նորընտիր ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանին Արման Թաթոյանի մաղթանքն է. միայն հաջողություններ: 

Քրիստիննե Գրիգորյանը Ազգային ժողովի կողմից Մարդու իրավունքների պաշտպան էր ընտրվել հունվարի 24-ին. միաձայն՝ 68 կողմ ձայնով:
 

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում