Հավկիթի էժանացման պատճառները. տնտեսվարողները խոսում են դեմպինգի մասին

ՎՎահե Կոստանդյան

Վերջին օրերին հավկիթի շուկայում տեղի ունեցող գնանկման ահազանգով մրցակցության հանձնաժողովին արդեն դիմել են «Աշտարակ ձու» և «Արամուս» ընկերությունների ներկայացուցիչները: Մեր հարցմանը ևս մրցակցության հանձնաժողովից տեղեկացրին.

Մրցակցության հանձնաժողով - Այս պահին կարող ենք հայտնել, որ եթե խնդիրը լինի հանձնաժողովի տիրույթում, մենք կտեղեկացնենք։

Ի դեպ, «Աշտարակ ձու», «Արաքս» և «Արզնի» թռչնաֆաբրիկաներին մրցակցության հանձնաժողովը դեռ 2021 թվականի մարտին հավկիթի գնի չհիմնավորված բարձրացման համար տուգանել էր: «Աշտարակ ձու» ընկերությունը վարչական դատարանում վիճարկել էր հանձնաժողովի սահմանած ավելի քան 15 միլիոն դրամ տուգանքը:

Հովհաննես Խաչատրյան (ՄՊՀ իրավաբանական վարչության պետ) - «Արաքս» թռչնաֆաբրիկան հանձնաժողովի որոշումը չէր բողոքարկել, սակայն երկու տնտեսվարող սուբյեկտներ բողոքարկել էին, և վերջերս վարչական դատարանը, որոշում կայացրեց «Աշտարակ ձու» ընկերության բողոքի վերաբերյալ և այդ վճռով հայցը մերժել էր՝ համաձայնելով հանձնաժողովի որոշման հետ:

Հիմա շուկայում հակառակ պատկերն է՝ գնանկում է, և «Աշտարակ ձու» ընկերությունն այս անգամ ինքն է դիմել հանձնաժողովին: «Հավկիթի էժանացումը արհեստականորեն ստեղծված ինքնարժեքից ցածր վաճառք է՝ դեմպինգ»,- համոզված է «Արամուս» թռչնաֆաբրիկայի տնօրենը:

Ըստ Հրայր Ասլանյանի՝ շուկայում հայտնվել է նոր ընկերություն, որն էլ էժան ձու է վաճառում:

Հրայր Ասլանյան («Արամուս» թռչնաֆաբրիկայի տնօրեն) - «Շիրակ ձու» ընկերությունը այսօր արդեն շուկա է հանել 25 դրամով ձու, 25 դրամով տալիս է առաքիչին, առաքիչը բերում է, 30 դրամով տալիս է խանութին, 34 դրամով վաճառվում է խանութում: Դա խոչընդոտ է մյուս փոքր և միջին արտադրողների համար:

Թռչնաֆաբրիկաներում նաև հավկիթի գերարտադրություն է սկսվել: Շատ տնտեսվարողներ հարկադրված էժանացման ակցիաներ են անում՝ ասում է Հրայր Ասլանյանը, շեշտում՝ եթե այսպես շարունակվի, փոքր և միջին ընկերությունները փակման վտանգի առաջ կհայտնվեն:

Գների նվազումից տուժում են ոչ միայն մանր և միջին արտադրողները, այլև խոշորները՝ նշված է «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերության տարածած հացղորդագրությունում: Ի դեպ՝ «Շիրակ» թռչնաֆաբրիկան ներառված է հենց այս ընկերությունում, սակայն ընկերությունն ունի գների հետ կապված իր պարզաբանումը։

«Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» - Գինը որոշում է շուկան՝ առաջարկի և պահանջարկի կանոնով։ Այն արտահայտվում է հիպերբոլի հատույթի տեսքով, որը հենց շուկայում ստեղծված գինն է։

Արդյունքում «Շիրակ» թռչնաֆաբրիկայի հավկիթի գները որոշվել են հենց այս ակնհայտ կանոնով։

Ընկերությունում վստահ են սպառողներին առաջարկվել է ողջամիտ և ձեռնտու գին, որն առաջին հերթին վերաբերում է տարեց մարդկանց և թոշակառուներին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում