Հարցվածների 22 տոկոսն աշխատում է առանց պայմանագրի. ուր դիմել աշխատանքային իրավունքի խախտման դեպքում

ՎՎարդուհի Հարությունյան

Պայմանագիր չկնքելուց մինչև աշխատավարձերի ուշացում. «Պրիզմա» հետազոտական ընկերությունը մոտ 550 վարձու աշխատողի շրջանում իրականացրել է աշխատանքային իրավունքի վերաբերյալ հարցում, արձանագրել ամենահաճախ հանդիպող խախտման դեպքերը:

Շուշան Ղահրիյան (սոցիոլոգ) - Իրականացվել է ամբողջ Հայաստանում, մարզերում, Երևաում, ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական համայնքներում:

Մոտ 22 տոկոսը աշխատում է բանավոր համաձայնությամբ, այսինքն՝ չունի գրավոր աշխատանքային պայմանագիր կամ քաղաքացիաիրավական պայմանագիր:

Ավելացնում է՝ չնայած 22 տոկոսը քիչ չէ, բայց թիվը իրենց՝ հետազոտողներին ուրախացրել է:

Շուշան Ղահրիյան - Մենք սկզբում, որ նոր էինք հետազոտությունը իրականացնում, մտածում էինք, ինչքան կլինի, ու մեր սպասած թիվն ավելի բարձր էր:

Փորձագիտական հարցազրույցների արդյունքում նաև համոզվել են՝ մասնավորապես աշխատանքային պայմանագիր չկնքելու դեպքերի նվազման միտում կա:

Շուշան Ղահրիյան - Նվազեցման գործիքներ են, օրինակ, մեկը՝ աշխատանքի տեսչական մարմնի լիազորությունները այս հուլիսից շատացել են, ու իրենք են զբաղվում:

Դա նշանակում է՝ եթե խախտվում է ձեր աշխատանքային որևէ իրավունք, պետք է անմիջապես դիմել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին: Փորձագետները նշում են՝ չնայած հիմա ավելի շատ են պայմանագրեր կնքում, բայց փոխարենը հետո արդեն պայմանագրի կետերն են խախտում:

Ժորա Սարգսյան (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ) - Մեծամասամբ խախտվող դեպքը աշխատանքային պայմանագրի լուծումն է ոչ մի հիմքով, երկրորդը՝ չեն վճարում աշխատավարձը սահմանված ժամկետում, պայմանագիրը լուծելիս չեն կատարում վերջնահաշվարկ:

Շուշան Ղահրիյան - Նշում են, որ հասանելի է այսքան արձակուրդ, այսքան աշխատավարձ, սակայն գրվածից տարբեր աշխատավարձ են ստանում:

Ի դեպ, համեմատաբար երիտասարդների ու ավելի մեծահասակների դեպքում իրավունքներն ավելի շատ են խախտվում: Նրանց մեծ մասը չունեն աշխատանքային պայմանագրեր: Առաջին դեպքում՝ դեռ անփորձ են, ու կարևորը աշխատանք ունենալն է, երկրորդ դեպքում իրենց համարում են անմրցունակ, ու էլի կարևորը աշխատանք ունենալն է:

Կրկին փորձագիտական հարցումները ցույց են տվել՝ գյուղական բնակավայրերում հանդիպող խախտումներն ավելի շատ են: Ոլորտային առումով էլ առաջատար են.

Շուշան Ղահրիյան - Եթե առաջին երկուսը վերցնենք՝ շինարարությունն ու գյուղատնտեսությունն են: Հարցվածների 70 տոկոսը չուներ պայմանագիր:
Աշխատանքային իրավունքի խախտման լուրջ խնդիրներ կան նաև փորձաշրջանի փուլում:

Ժորա Սարգսյան - Շատ դեպքերում գործատուները փորձաշրջան անվան տակ ներգրավում են աշխատանքի, չեն կնքում պայմանագիր, չեն վարձատրում:

Հիշեցնում է՝ փորձաշրջանի դեպքում էլ պետք է լինի պայմանագիր, այն ևս վճարովի է: Նաև հորդորում է՝ այդպիսի և մյուս բոլոր դեպքերում դիմել տեսչական մարմնին: Հետազոտությամբ պարզվել է՝ շատերը չգիտեն՝ ուր է պետք դիմել, մեծ մասն էլ չգիտի, որ, օրինակ, աշխատանքային պայմանագիր չունենալը իրավունքի խախտում է:

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2021-ին տեսչական մարմնի կողմից աշխատանքի իրավունքի ոլորտում հարուցվել է 515 վարչական վարույթ, որից 242-ը՝ տեսչական մարմնի նախաձեռնությամբ, իսկ 273-ը՝ դիմումի հիման վրա:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում