Ավելի քան 2100 ազատազրկվածից Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է մոտ 900-ը

ԼԼիլիթ Դանիելյան

Քրեակատարողական հիմնարկներում ավելի քան 2100 ազատազրկված անձանցից այս պահին պատվաստված է շուրջ 900-ը, ևս 120-ը այդպիսի ցանկություն է հայտնել ու իր հերթին է սպասում: Աշխատակազմից պատվաստված է 1900-ը՝ շուրջ 90 տոկոսը:

Կորոնավիրուսի տարածումից հետո կալանավորվածների ու դատապարտյալների հարազատները դժգոհում էին, որ տեսակցություններն արգելվել են: 2019-ից հետո տևական ժամանակ տեսակցություններն առհասարակ արգելված էին, հետագայում մի որոշ շրջան կարճ ժամանակով տեսակցության թույլտվությունները վերականգնվեցին, հետո՝ կորոնավիրուսի տարածման բարձր ցուցանիշների պատճառով, նորից արգելվեցին:

Միշա Խուդավերդյան (ԱՆ Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման բաժնի պետ) - Եկավ փուլ, որ տեսակցությունները բաց էին, ու համաճարակայի պատկերը բարձրացավ, մենք ունեցանք 4 մահ, որոնք ունեին կորոնավիրուս և դրանից հետո փակվեցին ու բացվեցին:

Շուրջ մեկ ամիս է՝ ՔԿՀ-ներում տեսակցությունները բաց են, սակայն որոշակի պահանջներ կան. տեսակցության համար անհրաժեշտ է, որ ինչպես տեսակցողը, այնպես էլ անազատության մեջ գտնվողը 2 շաբաթ առաջ 2-րդ դեղաչափով պատվաստված լինեն կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնեն:

Միշա Խուդավերդյան - Կամ՝ որ հղի են, կամ՝ 30 օրվա ընթացքում տարել են հիվանդությունը:

Արդարադատության նախարարությունից վստահեցնում են՝ յուրաքանչյուր ազատազրկված անվճար պատվաստվելու հնարավորություն ունի, ինչը, սակայն, իրականացվում է ազատազրկվածների ցանկությամբ:

Միշա Խուդավերդյան - Այս համատեքստում, ներկա դրությամբ, ՔԿՀ-ներում բժշկական անձնակազմը և հիմնարկի աշխատակիցները շրջայցներ են իրականացնում, և ցուցակագրում ենք պատվաստման ցանկություն հայտնած կամ ՊՇՌ թեստ հանձնելու ցանկություն հայտնած՝ անազատությունից զրկված անձանց, որից հետո ՔԿՀ-ների բժշկական անձնակազմը աշխատանքային կարգով կապ է հաստատում համապատասխան կազմակերպության հետ, որոնք գալիս կամ պատվաստում են անձանց կամ վերցնում են ՊՇՌ թեստ:

Այս պահին ՔԿՀ-ներում 18 ազատազրկված անձի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Վարակման բոլոր դեպքերում նրանք տեղափոխվում են «Դատապարտյալների հիվանդանոց» ու պահվում հատուկ առանձնացված վայրերում, իսկ հիվանդության ծանր ընթացքի դեպքում տեղափոխվում են քաղաքացիական հիվանդանոց, որտեղ այս պահին մեկ դատապարտյալ է բուժվում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում