Իտալական 4 ընկերություն Հայաստանում խոշոր ներդրում կիրականացնի

ԳԳևորգ Թոսունյան

Իտալական մի շարք ընկերություններ նախատեսում են Հայաստանում մի քանի արտադրություն հիմնել: Այդ մասին ֆեյսբուքյան էջում օրեր առաջ գրեց Էկոնոմիկայի նախարարը: Իտալական 4 ընկերության միավորմամբ Հայաստանում կստեղծվի անասնաբուծարան, ձկնաբուծարան և արևային վահանակների արտադրություն: Ընդհանուր գումարը կգերազանցի մի քանի տասնյակ մլն եվրոն: Հայաստանյան ներկայացուցչի խոսքով՝ բանակցությունները մի քանի տարի են տևել:

Հարություն Մնացականյան (իտալական ընկերությունների ներկայացուցիչ) - Կարողացանք 2021 թվականին հետները ինտենսիվ աշխատանք տանել, տարածք գտնել:

1972-ից ձկնաբուծությամբ զբաղվող Agroittica ընկերությունը մտադիր է Հայաստանում 25 մլն եվրոյով կառուցել թառափի բուծարան և հիմնել սև ձկնկիթի խոշոր արտադրություն` Արմավիրի մարզում։

Հարություն Մնացականյան - Իրենք ուզում են սիբիրյան թառափ աճեցնել, բարձրակարգ ձկնկիթ է ստացվում:

Տավարաբուծությունից, կերարտադրությունից մինչև մսամթերքի արտադրություն: Mea իտալական ընկերությունը Հայաստանում մտադիր է ներդնել մոտ 30 մլն եվրո և հիմնել տավարաբուծական խոշոր ֆերմա։ Մնացականյանի խոսքով՝ այսօր տավարաբուծության ոլորտը տավարի գլխաքանակի նվազման և այլ պատճառներով անկում է ապրում, և այս ներդրումները դրական կազդեն ոլորտի վրա:

Հարություն Մնացականյան (գործարար) - Մեզ օդ ու ջրի պես պետք է, որ հիմնեն տավարաբուծական ֆերմա, որը կնազեցնի առաջիկայում սպասվող տավարի սուր դեֆիցիտը:

Իտալացիները նպատակ ունեն արտադրանքը հիմնականում արտահանել ԵԱՏՄ երկրներ: Գործարարի խոսքով՝ Ռուսաստանում այս պահին իտալական երշիկի դեֆիցիտ է գրանցվել:

Հարություն Մնացականյան - Քանի որ Ռուսաստանը հիմա էմբարգոյի տակ է, և իտալական երշիկը չեն կարողանում մտցնեն ռուսական շուկա, այստեղի արտադրանքը արտահանելու են ՌԴ:

Անասնապահական ընկերությունը միաժամանակ մտադիր է նաև բիոգազի, կենսահումուսի արտադրությամբ զբաղվել ու կառուցել ժամանակակից սպանդանոց։

Հարություն Մնացականյան - Կարողացել ենք գտնել նորմալ հողատարածք, որտեղ կեր կարտադրվի, ինքնարժեքը ցածր կլինի, պլյուս՝ մոտ ենք Մերձավոր Արևելքին և Իրանին, արտահանման մեծ հեռանկարներ կան, պլյուս՝ ԵԱՏՄ երկիր ենք:

Մնացականյանի խոսքով՝ Հայաստանում կան անհրաժեշտ բոլոր պայմանները՝ բիզնես հինելու համար: Կառավարությունն էլ խոստացել է օժանդակել՝ սուբսիդիաների և այլ արտոնությունների տեսքով:

Հարություն Մնացականյան - Հարկային քաղաքականությունը նորմալ է, աշխատուժը՝ էժան:

Անասնապահությամբ զբաղվող Cinausero Unika ընկերությունը նախատեսում է Հայաստանում հիմնել խոշոր խոզաբուծական ֆերմա, իսկ վերջին 15 տարիներին արևային վահանակների արտադրության ոլորտում առաջատարը համարվող համաշխարհային ճանաչում ունեցող Torri Solare ընկերությունը նախատեսում է արևային վահանակներ արտադրող ընկերություն հիմնել։

Ամբողջ գործընթացը մտադիր են ավարտել մինչև 2024 թվականը:

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում