Երևանի մոտ 100 շենք կօգտագործի արևի էներգիան

ՌՌոզա Խաչատրյան

Երևանը արդյունավետ կօգտագործի արևի էներգիան: «ԵՄ-ն՝ Երևանի համար․ արևային համայնք» ծրագիրը Եվրոպական միությունն է ֆինանսավորում: Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքներին արևային ֆոտովոլտային կայաններ են տեղադրվում՝ մեղմելու 26000 երևանցու հոգսը:

Նանա Աբելյան (Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի բաժնի պետ) - Արդեն առաջին փուլով 43 շենքերի արևային պանելները միացված են ՀԷՑ-ի ցանցին և հանձնված են շահագործման: Երկրորդ փուլով նախատեսված է արևային պանելների տեղադրում շուրջ 55 շենքի տանիքին, աշխատանքների մեծ մասն արդեն արված է:

Շենքերն ընտրվել են տարածքային զարգացման համաչափության սկզբունքով՝ ընդգրկելով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները։ Կարևոր նախապայմաններից է, որ շենքը ունենա 9-12 հարկ, հարթ և արևկող տանիք։

Անդրե Օհանյան («Քաղաքապետների դաշնագրի» աջակցող խմբի ազգային փորձագետ) - Ծրագիրն իրականացվում է «Քաղաքապետների դաշնագրի» շրջանակներում, իրականում Երևանի քաղաքապետարանն է դիմել էս ծրագրին, ֆինանսավորման 80 տոկոսն իրականացվել է Եվրամիության կողմից: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 1 մլն 250 հազար եվրո:

1 միլիոն եվրոն՝ ԵՄ-ի, 250 հազարը՝ քաղաքային իշխանության համաֆինանսավորումն է: Արևային ֆոտովոլտային կայանները կլուծեն շենքի լուսավորության խնդիրը ընդհանուր օգտագործման տարածքում և բակային հատվածում:

Նժդեհ Անդրեասյան («ԵՄ-ն Երևանի համար՝ արևային համայնք» ծրագրի ֆինանսավորման ավագ փորձագետ) - Արտադրված էլեկտրաէներգիան սնուցելու է վերելակները և ներքին ու արտաքին լուսավորության համակարգերը, ինչի արդյունքում կունենանք ՀԷՑ-ից գնված էլեկտրաէներգիայի նվազում 70-77 տոկոսով, իսկ բնակիչների ամսական ծախսը՝ մինչև 50 տոկոս:

Ծրագրի ավարտից հետո ակնկալվում է, որ արևային կայանների միջոցով կարտադրվի տարեկան մոտ 930 մեգավատ/ժամ էլեկտրաէներգիա:

Նժդեհ Անդրեասյան - Որոշ շենքերում ունենալու ենք այնքան արտադրում, որ տարվա վերջին, երբ բալանսն արվի՝ արտադրածի և ծախսածի, իրենք ունենալու են որոշակի դրամական հոսքեր: Գումարները կուտակվելու են շրջանառու ֆոնդում, ու բնակիչներն այն կարող են ծախսել նմանատիպ ծրագրերի վրա, օրինակ՝ վահանակները շատացնեն կամ դուռ-լուսամուտ փոխեն:

Ծրագրով շենքերի լուսավորության համակարգերը փոխարինվել են լեդ լուսատուներով, էլեկտրաէներգիայի սպառումը կնվազի շուրջ 395 մեգավատ/ժամով:

Անդրե Օհանյան - Ծրագրի իրականացման արդյունքում մենք մոտավորապես 400 տոննա ածխաթթու գազերի արտանետման կրճատում կունենանք տարեկան կտրվածքով:

«Քաղաքապետների դաշնագիրը» Եվրոպական հանձնաժողովի կողմից մեկնարկած նախաձեռնություն է, որին անդամակցելով՝ տեղական ինքնակառավարման մարմինները աշխատում են նվազեցնել էներգետիկ աղքատությունը, մեղմել կլիմայի փոփոխությունը և հարմարվել դրա անխուսափելի հետևանքներին: Այս ծրագիրը դրանցից մեկն է:

Անդրեա Բաջջոլի (Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային օգնության համագործակցության պատասխանատու) - Առաջին հերթին ուզում եմ ցույց տալ արդյունքը: Մենք հիմա տանիքին ենք: 2017-ին որոշեցինք դրամաշնորհ դրամադրել Երևանի քաղաքապետարանին, որովհետև առաջարկությունն իսկապես լավն էր: Այս ծրագիրն ընդգրկում է ավելի քան 5000 ընտանիք՝ ներառելով արևային պանելների ու լեդ լուսատուների տեղադրում և տրամադրում անապահով ընտանիքներին: Ծրագիրը կավարտվի 2022-ի մարտի 31-ին:

Բացի Երևանից, այսպիսի ծրագրեր իրականացվել են Արթիկում ու Ապարանում, որոնք նույնպես անդամակցել են «Քաղաքապետների դաշնագրին»՝ պարտավորվելով մեղմել կլիմայի փոփոխությունները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում