800 աուդիոգիրք անվճար ներբեռնելու հնարավորություն. «Գրքասեր»

ԱԱլիս Մելիքսեթյան

Հայերեն 800 աուդիոգիրք անվճար ներբեռնելու հնարավորությամբ «Գրքասեր» հավելվածն արդեն հասանելի է IOS համակարգից օգտվողների համար: Հիմա Groksmith ընկերությունը հավելվածը հարմարեցնում է Android համակարգին, աշխատում են նաև նոր դիզայնի վրա:

Արթուր Հակոբյան (ընկերության արտադրանքի մենեջեր) - Երբ սկսվեց համավարակը, պրոդուկտի ստեղծումն անցավ ընդհատակ մի փոքր, ու երբ սկսեց կյանքը վերականգնել իր հին տեմպը, դրանից հետո սկսեցինք ավելի ակտիվ աշխատել պրոդուկտի վրա:

«Գրքասերի» պատմությունը սկսվել է 2014-ին, երբ Տիգրան Ազիզբեկյանը հիմնադրեց հասարակական կազմակերպություն: Հայերեն գրականությունը աուդիո տարբերակով թվայնացնում ու տեղադրում էին grqaser.org կայքում: Ազիզբեկյանի խոսքով՝ գերադասում էին մի քանի գիրք ավելի ձայնագրել, քան գումար ներդնել հավելվածի մշակման համար:

Տիգրան Ազիզբեկյան («Գրքասեր» հասարակական կազմակերպության նախագահ) - Հովոյի հետ գնացել էինք սուզարշավի Վանա լիճ, ու ճանապարհին պատմում էի, որ սենց «Գրքասեր» կա, ու հետաքրքիր ռեակցիա տվեց, ինձ դուր եկավ: Ասեց՝ լավ գաղափար ա, ես ինչո՞վ կարող եմ օգտակար լինել: Մտածեց, մտածեց, ասեց՝ հասկացա՝ մենք էլ հավելվածը կստեղծենք ու կնվիրենք «Գրքասերին»:

Ազիզբեկյանի խոսքով՝ առաջարկը տպավորիչ էր, քանի որ «Գրքասերի» բջջային հավելվածը հարմար է օգտագործել մեքենա վարելիս, երկար ճանապարհ գնալիս: «Գրքասերը» նախատեսված է նաև տեսողության խնդիրներ ունեցողների համար:

Տիգրան Ազիզբեկյան - Երբ տեսա՝ ռուսերեն գրքերի մեծ ծավալ կա համացանցում, իսկ հայերենով՝ մի 30 աուդիոգիրք, որոշեցինք, որ հայերենով էլ պետք ա լինի, որովհետև արտասահմանում բանավոր լեզուն պահպանելն ավելի հեշտ ա, քան՝ գրավորը: «Գրքասերի» ստեղծման հիմնական պատճառները սրանք են:

Հովհաննես Կուլողլյանի խոսքով՝ բջջային հավելվածը հրապարակվել է մոտ 2 շաբաթ առաջ ու արդեն հազարից ավելի ներբեռնում ունի, ինչը լավ ցուցանիշ է:

Հովհաննես Կուլողլյան (Groksmith ընկերության տնօրեն) - Քանի որ շատ կարևոր գործ ա և լեզվի պահպանության հետ ա կապված, իսկ դա կարևորագույն նախաձեռնություն ա, մենք էլ որոշեցինք ինչ-որ մասնակցություն ունենալ ու օգնել:

Հավելված մուտք գործելիս օգտատերն անմիջապես տեսնում է աուդիոգրքերի ցանկը: Կան որոնման համակարգ և 3 ֆիլտրեր՝ ըստ հեղինակի, ժանրի և տարիքի: Ցանկացածի վրա սեղմելով՝ օգտատերը սեղմագիրը կարդում է, ծանոթանում գրքի բովանդակությանը:

Հավելվածի ստեղծողները հետաքրքիր գործառույթներ են մտածում «Գրքասերն» ավելի առաջադեմ դարձնելու համար: Մոտ 3 ամսից կթողարկեն բջջային հավելվածի նոր ու ավելի որակյալ տարբերակը:

Հեղինակ՝ Էլեն Սարգսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում