Տերունական աղոթքով և օրհնությամբ բացվեց Զինվորի տան նոր բաժանմունքը: Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում տեղակայված կենտրոնում կբուժվեն առավել ծանր վիրավորում ստացած զինծառայողները:
Արմեն Մուրադյան (ԵՊԲՀ ռեկտոր) - Այստեղ լինելու են այն տղաները, որոնք գանգուղեղային տրավմայից հետո կամ ողնաշարային ծանր վնասվածքից հետո ունեն այնպիսի կարգավիճակ, որը թույլ չի տալիս նրանց երկարատև բուժումն այլ հաստատություններում, առավել ևս՝ տան պայմաններում:
Կենտրոնը նախատեսված է մինչև 20 զինծառայողի համար: Այստեղ նրանք կանցնեն նաև վերականգնողական բուժում: Նոր բաժանմունքի կառուցմանն աջակցել է Բարեգործական հիմնադրամը:
Նազ Բաշքիչյան (Աթիկյան FRF հիմնադրամի նախագահ) - Երբ Հայկուհին ինձ ասաց այս ծրագրի մասին, ես չունեի խոսք ասելու: Միակ խոսքն այն էր, որ՝ Հայկուհի՛, մենք կօգնենք, մենք կանենք այդ գործը:
Զինվորի տունը նշում է հիմնադրման չորրորդ տարին: Այս ընթացքում վերականգնողական, բուժական, կրթական և այլ ծրագրեր են իրականացվել 6 հազար զինծառայողի համար: Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը փակագծեր է բացում նաև առաջիկա ծրագրերից:
Հայկուհի Մինասյան («Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն) - Ցանկություն ունենք ստեղծելու վետերանների հոսպիտալ, որը լինելու է համադրված ծառայություններով հագեցած բուժհաստատություն, որտեղ տղաների բոլոր խնդիրները մեկ վայրում կլուծվեն: Այն ամբողջությամբ հարմարեցված է լինելու հաշմանդամություն ունեցող անձանց, թե այն տղաներին, ովքեր կույր են, ովքեր ունեն հոգեկան առողջության խնդիր:
Վիրավոր զինծառայողների համար նախատեսված նոր բաժանմունքն արդեն պատրաստ է շահագործման, սակայն ներկաների ցանկությունը մեկն է՝ որևէ մեկը չունենա այստեղ բուժվելու կարիքը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան













