Պահանջո՞ւմ են արդյոք QR կոդ հանրային վայրերում. «Լուրերի» շրջայցը Երևանում

ԼԼիլիթ Դանիելյան

Արդեն 4-րդ օրն է՝ հանրային օբյեկտներում մուտքը թույլատրվում է միայն քովիդի կանաչ անձնագրի կամ թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում: Պահանջը չի վերաբերում մինչև 18 տարեկաններին, հղիներին, բացարձակ հակացուցում ունեցողներին, նաև COVID-19-ով հիվանդացածներին, որոնք ունեն 90 օրվա վաղեմության ՊՇՌ հետազոտության դրական արդյունք:

Սննդի օբյեկտում, հյուրանոցում, մարզասրահում, գրադարանում, թանգարանում ու կինոսրահում սահմանված կարգին չհետևելու դեպքում տնտեսվարողը տուգանվում է 100-300 հազար դրամի չափով:

Իսահակյանի անվան գրադարանում էլ QR կոդ չունենալու դեպքում չեք կարող մուտք գործել, բայց ընթերցող չկորցնելու համար լուծում են գտել:

Տիկնիկային թատրոնի փոխտնօրենն ասում է՝ որոշման ուժի մեջ մտնելու առաջին օրը շատերն անպատրաստ էին, մի քանի ներկայացում ունեին ու ստիպված հանդիսատեսի գրեթե կեսին թույլ չտվեցին ներկա լինել:

Արտաշես Բաբայան (Տիկնիկային թատրոնի փոխտնօրեն) -  Ով չի պատվաստվել, ստիպված թողնում հեռանում է թատրոնից: Հիմնականում բողոքում են, ասում են՝ տրանսպորտով էկել ենք, չեն ստուգել, բայց ստեղ ստուգում են: Մենք էլ բացատրում ենք, որ պահանջն ա էդպիսին:

Տնօրինությունն ասում է՝ փորձում են ամեն ինչ անել, որ հավաստագրերը ներկայացնելու պատճառով հերթեր չգոյանան ու չնպաստեն վարակի տարածմանը:

Արտաշես Բաբայան - Մարդը որ ներկայանում է, ներկայացնում է ծրագիրը: Կոդի հետ կապված մեր աշխատակիցը տալիս է իրենց տոմսը, և սենց առանձին ունենք «Պ» տառի կնիք, որ դրվում է տոմսի վրա, ու սա տրվում է էն հանդիսատեսին, որն ունի պատվաստման սերտիֆիկատը, ու սա հեշտացնում է հսկիչի գործը:

Իրենց ժամանցը սրճարաններում անցկացնողներից շատերին թվացել է, որ մեկ բաժակ սուրճ խմելու համար ստուգումը խիստ չի լինի, սակայն տնտեսվարողները նախընտրում են չտուգանվել:

Ցոլակ Տոնոյան (սրճարանի մենեջեր) - QR կոդն ենք նայում, ամիս, ամսաթիվը, ու եթե պատվաստված չի, քանի օր առաջ է թեստավորում անցել՝ 72 ժամը, ու եթե պատվաստված չեն, մուտք չեն գործում սրճարան:

Աննա Մանուկյան (սրճարանի աշխատակից) - Առաջին օրը շատերն էին անտեղյակ, բոլորը մտածում էին՝ մի շաբաթից կսկսի, բայց արդեն բոլորը տեղյակ են, որ առանց ներկայացնելու մուտքն արգելված է:

Հակահամաճարակային սահմանափակումների նոր որոշմանը թերահավատորեն վերաբերվելու հաճախորդների մոտեցումը խնդրի առաջ է կանգնեցրել տնտեսվարողներին: Քաղաքի բանուկ հատվածների որոշ սրճարաններ այցելու պարզապես չունեին: Սրճարաններից մեկում ասացին՝ հաճախորդներին 2 օր թույլ չտվեցին ներս մտնել առանց QR կոդի, ու բիզնեսը տուժեց: Տնտեսվարողներից շատերը նշում են՝ թեև գործունեությունը չեն դադարեցրել, բայց հունվարի 22-ից հետո հաճախորդների որոշակի տոկոս կորցրել են:

Ցոլակ Տոնոյան - Ստուգումներ առաջին օրվանից իրականացնում ենք, 30-40 տոկոս հաճախորդներ կան, որ դեռ պատվաստված չեն:

Աննա Մանուկյան  - Հիմա էլ են տենց դեպքեր լինում, որ հետ ենք ուղարկում: 5-ից մեկը նույնիսկ եթե չունեցավ, չենք կարող սպասարկել, ո՛չ ներսի սրահում, ո՛չ դրսի սրահում, ո՛չ տանելու պատվերներ կարող ենք վերցնել:

Համացանցում բազմաթիվ քննադատություններ հնչեցին այն մասին, որ QR կոդը տարբեր վայրերում սկանավորելուց հետո օտար անձինք հասանելիություն կունենան քաղաքացու անձնական տվյալներին: Սակայն, «Լուրերը» շրջեց 2 տասնյակից ավելի ժամանցի վայրերում՝ սրճարան, թանգարան, թատրոն, և ոչ մի տեղ տվյալների սկանավորում չիրականացվեց: Միակ պահանջն էր՝ բացել Արմեդ հավելվածն ու ցույց տալ QR կոդը կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխանը:

Տնտեսվարողները հստակեցնում են՝ սկանավորում չեն իրականացնում, նախ՝ որ այդպիսի գործիք չունեն, և երկրորդ՝ առողջապահության նախարարությունից նման պահանջ դրված չէ: Սկանավորում հնարավոր է իրականացվի քաղաքացու համաձայնությամբ, օրինակ՝ մարզասրահում, որի մշտական հաճախորդն եք: Այդպիսով, յուրաքանչյուր այցելության ժամանակ ստուգելու կարիք չի առաջանա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում