34-35 ժամ օդում. հայ օդաչուն նպատակ ունի գերազանցել օդապարիկով ամենաերկար թռիչքի աշխարհի ռեկորդը

ՄՄարիա Գաբրիելյան

Նաիրին Արագած լեռան վրայով օդապարիկով թռիչքն իրականացրել է երկու օր առաջ: Գյումրիից մեկնարկել ու հասել է Երևան:

Նաիրի Բարսեղյան (օդապարիկի օդաչու) - Շատ բարեհաջող անցավ թռիչքը: Ինչպես պլանավորված էր՝ սկիզբը եղավ Գյումրիի Վարդանանց հրապարակից, մոտ 1 ժամ 40 րոպե անց՝ հենց արևածագի պահին, մենք մոտեցանք Արագածի գագաթներին, անցանք Արագածի գագաթների վրայով, բարձրացանք 6100 մ բարձրության վրա: Տեսարաններն ուղղակի շատ գեղեցիկ էին, շատ տպավորված էի:

Թռիչքը եղել է փորձնական: Փետրվարին նպատակ ունի թարմացնել 4000 խորանարդ մետրանոց օդապարիկով ամենաերկար թռիչքի աշխարհի ռեկորդը: Այն արդեն 6 տարի պատկանում է ռուս օդաչուներին:

Նաիրի Բարսեղյան - Մենք փորձում ենք գերազանցել 32 ժամ 12 րոպեանոց ռեկորդը: Որպեսզի ռեկորդը գրանցվի, պետք է գոնե 1%-ով ավելի երկար գտնվել օդում: Այս պահին պլանավորում ենք 34-35 ժամ գտնվել օդում:

Արձանագրված ցուցանիշը գերազանցելու փորձ ունեցել է նաև նախորդ տարի, խոչընդոտել են տեխնիկական խնդիրները: Այսպիսի թռիչքի համար բավարար պայմաններ են անհրաժեշտ:

Նաիրի Բարսեղյան - Պետք է լինի -30 օդի ջերմաստիճան, պետք է լինեն ոչ ուժեղ քամիներ, որպեսզի շատ երկար ճանապարհ չանցնենք, պետք է լինի լիալուսին, որպեսզի գիշերային թռիչքի ընթացքում որևէ բան տեսանելի լինի, և այդ բոլորը հանգամանքները որ կետում հայտնվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում, այդ կետում էլ իրականացնելու ենք թռիչքը:

Նաիրին օդապարիկով թռիչքը կիրականացնի ռուս գործընկերոջ հետ: Փորձառու օդաչուն նշում է՝ հնարավոր չէ գործը միայնակ գլուխ բերել: Զբաղվածությունն այնքան շատ է, որ նույնիսկ սնվելու ժամանակ չի լինում:

Նաիրի Բարսեղյան - Չկա պահ, որ հանգստի վիճակում լինես, ամբողջ ընթացքում մեկը զբաղվում է նավիգացիայով, օդանավակայանների հետ կապ, թույլտվություններ ստանալ, մյուսը կառավարում է թռիչքը:

Թռիչքը նախատեսվում է իրականացնել Մոսկվայի հարակից հատվածում: Օդապարիկի շարժին կհետևի ու արդյունքը կգրանցի Ավիացիոն մարզաձևերի համաշխարհային ֆեդերացիան:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում