Ովքե՞ր կարող են կենսաթոշակը ստանալ կանխիկ

ԱԱրևիկ Աբելյան

Կարոն աշխատում է արդեն 1,5 ամիս: «Հայփոստում» այսքան երիտասարդները շատ չեն, Կարոն դրանից չի նեղվում: Որ փոստատարը կարող է երիտասարդ լինել՝ բնակիչները կամաց-կամաց են սովորում:

Կարո Մկրտչյան (փոստատար) - Աշխատում եմ ժամանակին տանեմ, որ հին ու նոր փոստատարների տարբերություն չզգան:

Նամակներ, ծանրոցներ, նպաստներ, կենսաթոշակներ: Հասցեները, որոնցում փոստատարը հասցնում է լինել, օրական մի քանի տասնյակի են հասնում:

Կենսաթոշակների մեծ մասն արդեն բաժանել է, նախապես նաև ճշտում են՝ երբ մոտենալ:

Լարիսա Դանիելյանն ու ամուսինը 75 տարին լրացած կենսաթոշակառուների խմբում են, այսինքն՝ չնայած քաղաքաբնակ են, բայց օրենքի բացառությամբ, իրենց ցանկությամբ, կարող են ընտրել կենսաթոշակը կանխիկ, տանը ստանալու տարբերակը՝ անվճար: Օրենքի բացառության այսպիսի խմբերը 4-ն են:

Էլիզա Ղալթախչյան («ՀայՓոստ» ՓԲԸ փոստային ֆինանսական ծառայությունների տնօրեն) - 75 տարին եթե լրացել է, հաշմանդամները, լիազորագրով ստացողները, մինչև 14 տարեկանները:
Իրենք շարունակելու են ստանալ կանխիկ եղանակով, ինչպես դեկտեմբեր ամսին, այնպես էլ հաջորդիվ: Բաժանմունքում և տանը վճարումը կատարեու ենք անվճար:

Եթե թոշակառուն այս 4 խմբում չի ընդգրկված, բայց ցանկանում է նորից տանը կենսաթոշակ ստանալ, «Հայփոստը» օրենքի փոփոխությունից հետո հունվարի 1-ից առաքման ծառայությամբ է դա իրականացնում:

Էլիզա Ղալթախչյան - Կենսաթոշակառուները ցանկացած բաժանմունք այցելելով կարող են առաքման հանձնարարական տալ «Հայփոստին», և այն կառաքվի վճարման հիմունքով: Դա կարող է կատարվել բնակարանում կամ իրեն հարմար այլ վայրում:

Էլիզա Ղալթախչյանը մանրամասնում է՝ առաքման ծառայությունից հիմնականում օգտվում են Երևանում և մի քանի խոշոր քաղաքում, որտեղ բաժանմունքը տնից հեռու է:

Էլիզա Ղալթախչյան - Մոտավորապես 15 տոկոսն այս պահին օգտվում է այդ ծառայությունից: Դա սանդղակ է, կախված գումարից ու բնակավայրից՝ 500-1000 դրամ:

Օրինակ՝ մինչև 35 000 դրամի դեպքում Երևանում առաքման համար կենսաթոշակառուն վճարելու է 500 դրամ, մարզերի քաղաքներում՝ 700:

Ի դեպ՝ այս ծառայությունից օգտվող կենսաթոշակառուները, եթե անցնեն փոստի կողքով, կարող են գումարն անձամբ վերցնել, որևէ պարտավորություն չկա:

Այս պահին անկանխիկ եղանակով, այսինքն՝ քարտերով սպասարկվող թոշակառուները ևս, ցանկության դեպքում, ծառայության տեսակը փոխելու և կենսաթոշակը տանը ստանալու համար կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում