Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարության արձագանքները

ՀՀովհաննես Վարդանյան

Գագիկ Ծառուկյանի ընտանիքի նախաձեռնությամբ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու մրցույթ է հայտարարվել: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը նշել է, որ արձանը պետք է լինի խորհրդանշական՝ 33 մետր բարձրությամբ՝ Հիսուսի ապրած տարիների չափ: Պատվանդանով արձանի ընդհանուր բարձրությունը կարող է կրկնակի կամ նույնիսկ եռակի ավելի լինել։

Գագիկ Ծառուկյան («Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ) - Ուզում եմ մրցույթ հայտարարել` ամենաուժեղը կպարգևատրվի մեծ պարգևատրումով: Իմ նպատակն ու ցանկությունն է, որ ամենաբարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը ճանապարհ ցույց տա:

Հիսուսի արձաններ կան Բոլիվիայում, Վիետնամում, Լեհաստանում և Պորտուգալիայում, ամենահայտնին, թերևս, բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքում՝ բարձրությունը՝ 38 մետր: Թե կոնկրետ որտեղ է Ծառուկյանը մտադիր տեղադրել արձանը, դեռ հստակ չէ: Երևանի փողոցներում ֆեյսբուքյան երեկվա ամենաքննարկվող թեմայի վերաբերյալ կարծիքներն իրարամերժ էին:

Հարց քաղաքացիներին - Գագիկ Ծառուկյանը որոշել է Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրել: Ի՞նչ տեսակետ ունեք, ի՞նչ եք մտածում:

Պատասխաններ

- Հաա, լավ ա անում:

- Գագիկ Ծառուկյանը միշտ բարի, Աստծո գործեր ա անում, Աստված իրա հետ:

 - Տեսակետ չունեմ, ինչ կարամ ասեմ, ինչ ուզում ա՝ անում ա ինքը էս երկրում: Քրիստոսի արձանի կարիք չկա, ամեն մարդ իր ներսում ա հավատում:

- Ես կցանկանայի, որ դներ, որ մարդիկ հավատով լցվեին, ժողովուրդը հավատով լցվեր:

- Դեմ եմ, որովհետև մինչ դա շատ անելիքներ կան: էդ գումարները շատ տեղին կարելի ա օգտագործել: 

- Շատ խելոք բան ա մտածել, բա դրանից լավ բա՞ն: 

Ճարտարապետների միության նախագահն ասում է՝ նման որոշում կայացնելուց առաջ պետք է նախ հանրային քննարկումներ լինեն, և հետո՝ դա մեկ հոգու ցանկությամբ պետք է չլինի: Ծառուկյանի ներկայացուցիչները մասնագետներից տեսակետ դեռ չեն հարցրել, քննարկման առաջարկ չի եղել: Ամեն դեպքում, ըստ ընթացակարգի՝ պետք է տեղանքը, նախագծերն ուսումնասիրվեն, համապատասխանեն քաղաքաշինական նորմերին:

Մկրտիչ Մինասյան (Հայաստանի ճարտարապետների միության նախագահ) - Կան խոսակցություններ, որ եթե դա իր սեփական հողում է, կարող է այդ մրցույթն անել և կառույց անել, բայց նման կառույց, անկախ նրանից՝ սեփական հողում, դա, վերջին հաշվով, հանրապետության հողն ա, և նման կառույց անելու համար անպայման պետք ա անցնի բոլոր ընթացակարգերը, անկախ նրանից՝ ով ա ֆինանսավորում, ում հողն ա և այլն: 

Ճարտարապետ Մինասյանի խոսքով՝ եթե Երևանի ավագանու որոշում դեռ չկա, այդպիսի կոթող չի կարող կառուցվել: Առանց մասնագիտական վերլուծության, դրական ու բացասական կողմերը հաշվի առնելու՝ նման նախագիծ սկսելը շատ վտանգավոր է, դա կարող է ազդել նաև պետության իմիջի վրա: Ըստ Մինասյանի՝ նաև այս պատճառով է, որ անհրաժեշտ է հանրային լայն շրջանակների ակտիվ մասնակցությունը:

Մկրտիչ Մինասյան - Որովհետև բոլորին էլ դա հետաքրքրում է, և դրանից հետո պետությունը տեսնի, եթե դա որևիցե կերպ չի խանգարում էսօրվա ընդհանրապես մեր մտածելակերպին կամ օգնում ա դրան, օգնում տուրիզմը զարգանալուն, էդ բոլորը պետք ա հաշվի առնել: 

Հայ Առաքելական Եկեղեցին թեմային ծանոթ է: Հարցի մասին դեռ չեն խոսել, պատրաստվում են քննարկել՝ ասում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Տեր Եսայի քահանա Արթենյան (Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն) - Ընդհանրապես, արձանը՝ որպես այդպիսին, Հայ Եկեղեցու ավանդույթին հարիր չէ, Եկեղեցու ավանդույթի մեջ և մշակույթի մեջ, եթե դուք նայեք ընդհանրապես, քանդակներ չեն լինում, եկեղեցիներում կարող են լինել հարթաքանդակներ կամ սրբապատկերներ: Չեմ կարող հիշել կամ արձանագրել, որ որևէ դեպքում կամ որևէ ժամանակում նման հարցով դիմած լինեն:

Տեր Եսայի քահանա Արթենյանը նաև հայտնեց՝ նման արձան տեղադրելու հարցով իրենց երբեք չեն դիմել, և որ դա ավելի շատ Կաթոլիկ Եկեղեցուն է բնորոշ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում