ԱԻՆ-ը մարզերում տաքացման կետեր է տեղադրել

ՎՎահե Կոստանդյան

Մինչև կհասնեինք Արագածոտնի մարզի Արագած համայնք, փրկարարներն արդեն մեքենան դուրս էին բերել արգելափակումից: Դեպքը թեթև էր՝ ասում են փրկարարները. մեքենան հայտնվել էր ճանապարհից դուրս գտնվող ձնառատ դաշտում:

Ձնածածկ տարածքում արգելափակման դեպքերն ավելանում են հունվարից մինչև մարտ: Օրվա ընթացքում ձյան միջից մի քանի մեքենա են դուրս բերում՝ ասում է հրշեջ փրկարար ջոկատի հրամանատարի տեղակալը:

Տարվա ձնառատ եղանակին արգելափակված քաղաքացիներին առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանի չորս մարզում քաղաքացիների համար արդեն ութ տաքացման կետ է տեղակայել՝ Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի ու Սյունիքի ճանապարհներին: Հենակետերից չորսը Սյունիքում են: Հաշվի առնելով ծանրաքարշ մեքենաների ակտիվությունը՝ տաքացման կետերից մեկն էլ տեղակայել են Տաթև-Խոտանան ճանապարհին:

Բացի տաք թեյից, սուրճից, առաջին օգնության բժշկական պարագաներից՝ նույնիսկ տաք քնապարկերով ժամանակավոր կացարաններ ունեն: Ձնագնացները, դահուկներն ու սահնակները փրկարարներին անհրաժեշտ են դժվարհասանելի վայրերի համար: 

Տարեսկզբից սկսած ավելի քան 50 դեպք են ունեցել, արգելափակումից դուրս են բերել 55 մեքենա, 144 մարդու տեղափոխել են անվտանգ տարածք:

Արմեն Գասպարյան (ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն) - Նախկինում դրանք եղել են վրանային, այժմ մենք դա իրականացնում ենք և՛ տնակային պայմաններում, և՛ քարե շինություններ ունենք նաև: Իրականացնում ենք 24 ժամվա ծառայություն, յուրաքանչյուր հենակետում մենք ունենք հինգ ծառայող:

Տեղումների քանակով պայմանավորված՝ ավելանում է նաև դեպքերի թիվը: Ահազանգերի զգալի մասը ստանում են 911 թեժ գծով: Հիմա ուսումնասիրում են դեպքերի վիճակագրությունը. չի բացառվում, որ տաքացման տնակների թիվն ավելանա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում