Արցախյան երեք պատերազմի մասնակցած սպան հարազատ տանիք կունենա
Կոզակական գնդապետ Անդրեյ Շելեման Ամանորի օրերին երեք սենյականոց բնակարան նվեր ստացավ Մեծամորում: Նվիրատուն Ռուսաստանում բնակվող հայ է. ցանկացել է անհայտ մնալ: Պարզապես ուզել է, որ արցախյան երեք պատերազմով անցած սպան վարձով չապրի: Ճիշտ է՝Շելեմաները դեռ վարձակալած բնակարանում են, բայց կտեղափոխվեն ,երբ նոր տան վերանորոգումն ավարտվի:
Լարիսա Շելեմա - Ուղղակի հիմա ձմեռ է, հարմար չէ տեղափոխվելը, պետք է սարքենք, որ կարողանանք:
Անդրեյն արցախյան առաջին պատերազմից հետո տեղափոխվել է Ղազախստան՝ ծնողների մոտ: Լարիսային այնտեղ է հանդիպել, ամուսնացել, բայց մնալ չի կարողացել. սիրտն այստեղ էր: Բարեկեցիկ կյանքն ու աշխատանքի լավ առաջարկները մերժել և 2002-ին, ընտանիքով վերադարձել է Հայաստան՝ մշտական բնակություն հաստատել էներգետիկների քաղաքում:
Անդրեյ Շելեմա - Հայաստանում ինձ հասկանում են, ռուսները չէին հասկանում ...
Ամիսներ առաջ նույնիսկ հապավումներով խոսել չէր կարողանում հետախույզ Շելեման: Գլխից ծանր վիրավորում է ստացել 44-օրյա պատերազմում: Երկար ժամանակ գամված է եղել անկողնուն: Բժիշկներից մեծ ջանքեր են պահանջվել նրան ոտքի կանգնեցնելու և խոսքը վերականգնելու համար: Հիմա,դժվարությամբ, բայց կարողանում է ասելիքը տեղ հասցնել:
Անդրեյ Շելեմա - Դառել եմ կես մարդ: Իմ ուղեղն է վնասված:
Երկու որդին ևս հոր ճանապարհն են բռնել: Սպայի ուսադիրներով մեծ տղան արդեն ծառայության մեջ է Գյումրիում, իսկ փոքրը կուրսանտ է «Տիգրան Մեծ» ռազմանական վարժարանում: Զինվորական ընտանիքում, սակայն, հրամանները կինն է տալիս:
Հայաստանի հանդեպ ունեցած սերը ռուս ընտանիքը փոխանցել է նույնիսկ Անդրեյի՝ Ղազախստանից հյուր եկած զոքանչին. եկել ու հետ գնալ չի ուզում: Հայկական ավանդույթներով ապրող ընտանիքում երեխաներն էլ են հայեցի կրթվում ու դաստիարակվում:
Լարիսա Շելեմա - Հայաստանում հեշտ է երեխաներին դաստիարակելը, ես Ռուսաստանում չէր կարող, ուրախ եմ, որ այստեղ եմ դաստիարակել երեխաներիս:
2022-ի մեկնարկը խոստումնալից է հետախույզի ընտանիքի համար: Նոր տունը կա, տղաները՝ հայրենիքի թիկունին են, ինքն էլ կամաց-կամաց ապաքինվում է:
Մնում է խաղաղությունը չընդհատվի, որ Անդրեյի ձևակերպմամբ՝ երկիրը լքողներ չլինեն:
Անդրեյ Շելեմա - Սա իմն է, իսկ ես իմը չեմ լքում:













