Պատերազմից հետո Հայաստանում բնակվող արցախցիների հիմնական խնդիրներն ու պետական աջակցության ծրագրերը

ԱԱնուշ Մուրադյան

Մի կտոր փայտ, վրայից էլ մի երկու բուռ դեղձի կորիզ: Կորիզն արագ է վառվում, տաքությունը երկար պահում՝ ասում է Համազասպ Շանոյանը: Տան միակ վառարանի կրակը որ չմարի, 4 երեխայի հայրը հիմա խոստացված վառելիքին է սպասում, անցած ձմեռ որպես օգնություն էին տվել, հույս ունի՝ էս տարի էլ կտան: Շանոյանները 2020-ի նոյեմբերից են Հայաստանում, իրենց տունն ու տեղը Քաշաթաղի շրջանի Սոնասարում է մնացել: Ժամանակավոր այս կացարանում արդեն երկրորդ նոր տարին դիմավորեցին, ամանորի հեքիաթին ամենից շատ տան փոքրիկներն էին սպասում: 

Արենը Հայաստանում է ծնվել, արդեն 11 ամսական է: Պատերազմի ժամանակ տիկին Նունեն նրանով հղի էր: Այդ օրերի մասին հիմա խոհանոցում կախված քաղցր շարոցներն են հիշեցնում՝ Արցախի ճղոպուրով են պատրաստված: Շփոթը գրեթե չորացել է, զուգահեռ պակասել են նաև շարոցները:

Ու մինչև գազին դրված սուրճը սեր կկապի, տանտիրուհին վերհիշեց ընտանիքի գլխովն անցածը: Գյուղատնտեսությամբ էին ապրում, բնությունը շռայլ էր, աշխատանք կար, իսկ պատերազմից հետո էլ մշտական հասցե չունեն: Թեև տան համար վարձ չեն տալիս, բայց սեփական տանիք ունենալը թիվ մեկ խնդիրն է: Հույսը 2022-ի հետ են կապում:

Նունե Մկրտումյան - Իմ հիմնական խնդիրը տունն ա, ասում են՝ կարող ա հունվարից հետո լինի, փաստաթղթերը պիտի տանք:

Տիկին Նունեն աշխատանք արդեն գտել է գյուղի չրանոցում, խնձորից չիր պատրաստելու սեզոնն է: Պետության տված ֆինանսական աջակցություններով էլ գյուղտեխնիկա են գնել, դեռ Հայաստանից գնալու ցանկություն չունեն:

Համազասպ Շանոյան - Գարունը կբացվի, գոնե մի երկու բան էլ ես կաշխատեմ, ավելի լավ ա ստեղ, սա էլ մեր հողն ու ջուրն ա:

Արարատի Աբովյան գյուղում ապրելուն դեմ չեն, բայց հարազատ լեռնային Սոնասարը Արմենն ու Արփինեն շատ են կարոտում: Փոքրիկ գյուղում իրենց դպրոցն էր, ընկերներն էին:

Տոնական տրամադրություն այս տարի Ղահրյան ամուսինները չունեն: Բայց նոր տարվա գիշերը հավաքվեցին բոլորով, միասին, մեկ սեղանի շուրջը՝ ինչպես իրենց հայրենի Տողում: Հադրութցի ընտանիքն այս լուսանկարում է:

Նաիրա Ղահրյան - Հեսա էս նկարը, բոլորս ողջ ենք, փրկվել ենք եկել, միասին նկարվել, գտել ենք իրար:

Տարվա խորհրդանիշը՝ Վագրիկը, արդեն իր պատվավոր տեղն ունի վարձով բնակարանի պահարանում: 2022-ի գլխավոր ցանկությունը խաղաղությունն է, մեկ էլ...

Նաիրա Ղահրյան - Ուզում եմ, որ հետ դառնանք, մի հրաշք կատարվի, Հադրութում երբեք թուրք չի եղել:

Տիկին Նաիրան գյուղի դպրոցի լեզվի ուսուցչուհին էր, ամուսինը՝ 30 տարի այդ նույն դպրոցի տնօրենը: Թոշակառու ամուսինների հոգսը հիմա ապրելու ծախսերն են, զույգ որդիները՝ «Մարտական խաչի» մեդալակիրները, 4 ամիս է՝ անգործ են, սրտնեղում է Վարդան Ղահրյանը: Նրանց՝ սպայական երկար տարիների ծառայության մասին հիմա միայն զորամասից բերված նկարն է հիշեցնում: Արցախ վերադառնալու մասին էլ դեռ չեն մտածում՝ տան խնդիր կա:

Վարդան Ղահրյան - Հադրութցիների մեծ մասը փորձել է հետ դառնալ, բնակարանի խնդիր լուծել հնարավոր չէ ընդհանրապես, աշխատանք, էլի ինչ-որ տեղ շինարարություն է գտնում, բայց տանիք պիտի լինի: Մնալու եմ Հայաստանում, գնամ Արցախ՝ որտե՞ղ ապրեմ:

Հադրութի իրենց երկհարկանի տունն էլ չկա, հակառակորդը վառել է: Ապագայի հարցում հուսալքված չեն, իրենք էլ, մյուս հադրութցիներն էլ, որոնց հետ ամեն օր են հանդիպում, ինչպես ասում է՝ մի տնից չեն, բայց մի օրի են:
 
Պատերազմից հետո Հայաստանում մնացած արցախցիների համար տան խնդիրն այսօր ամենագլխավորն է՝ սա բոլոր գերատեսչություններից են փաստում: Վերջին՝ նոյեմբերի տվյալով՝ Հայաստանում շարունակում է ապրել 21 հազարից ավելի արցախցի, գրեթե 5000 ընտանիք՝ «Լուրերին» փոխանցեցին Արցախի շտաբից: Որ պատկերն ավելի հստակ լինի, մարտի 1-ի դրությամբ՝ առաջին հաշվառման ժամանակ, նրանք 25 հազարն էին: Իսկ թե քանիսն են այստեղ առանց հաշվառման ապրում՝ սոցիալական հարցերի նախարարությունում դժվարանում են թիվ նշել:

Ոլորտային պատասխանատուի խոսքով՝ հյուրընկալման ծրագրերն ավարտվել են սեպտեմբերին՝ դրանք 9-ամսյա էին, յուրաքանչյուր չափահաս արցախցու համար պետությունը 30-հազարական էր տրամադրում հյուրընկալներին:

Արտակ Հարությունյան (ՀՀ ԱՍՀՆ ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետի պաշտոնակատար) - Այս պահին արցախցիները բնակվում են, օրինակ՝ նախարարության շուրջօրյա խնամքի կացարաններում, որտեղ կան ազատ տարածքներ, ինչպես նաև մասնավոր տարածքներում:  

Այս հարցում առայժմ միայն Կարմիր խաչն է ներգրավված՝ 4 ամսով 68 հազար է տալիս բնակարանի վարձակալության համար:

Արտակ Հարությունյանի խոսքով՝ նաև սոցիալական փաթեթներ են առաջարկվում՝ հագուստի, սննդամթերքի, բժշկական ծառայությունների տեսքով: Սա բնակարանի մասով, իսկ պետության ուղիղ ֆինանսական աջակցությունն ավարտվեց 2021-ով: 4 ամիս՝ սեպտեմբերից դեկտեմբեր՝ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին 50-հազարական դրամ տրամադրվեց, իսկ մյուսներին՝ 25-հազարական:
 
Աջակցության ծրագրերը, հնարավոր է՝ շարունակական լինեն, բայց թե ինչ տեսքով ու որքան ժամկետով՝ նախարարությունում առայժմ հստակ ոչինչ չեն ասում:

Միայն նշում են՝ քննարկումները շարունակվում են, որոշումները կկայացվեն առաջիկայում: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում