Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մանդատն ընդլայնվել է

ՄՄայա Խաչատրյան

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի առաջին ներկայացուցիչը Եղիշե Կիրակոսյանն է: 2019-ից նա Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչն էր: Օրենսդրական փոփոխությունից հետո ընդլայնվեցին ներկայացուցչի լիազորությունները, փոխվեց պաշտոնի անվանումը: Գրասենյակի ցուցանակը կփոխեն առաջիկա օրերին:

Եղիշե Կիրակոսյան (միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ) - Գրասենյակի զարգացման, հետագա վերափոխման, ռեֆորմի երկրորդ փուլն է: Առաջին փուլը 2019-ն էր, երբ ընդունվեց առաջին անգամ պատմության մեջ Եվրոպական դատարանում ներկայացուցչի կարգավիճակ, լիազորությունները կանոնակարգվեցին:

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչն օրենքի ուժով կպաշտպանի պետության շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, Արդարադատության միջազգային դատարանում, միջազգային արբիտրաժներում, օտարերկրյա դատարաններում, հաշտարարության գործընթացներում: ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչն աշխատանք էր իրականացնում նաև միջազգային այլ ատյաններում, նրա մանդատն ընդլայնվեց գործունեության համակարգման համար:

Եղիշե Կիրակոսյան - Այս ուղղությամբ գործառույթներն իրականացվում էին՝ հիմնվելով կոնկրետ օրենքի դրույթից բխող վարչապետի հանձնարարության վրա: Քանի որ մեր երկրում պատմականորեն, ցավոք, այս իրավական միջազգային ասպեկտը թերգնագատված է եղել, բայց նաև հասկանալի պատճառներով է այդպես եղել, երբեք լուրջ չենք ընդունել միջազգային իրավական գործիքների կիրառումը: Հիմա ՀՀ-ն մտնում է այնպիսի փուլ, նաև ցավալի պատերազմից հետո, ընդհանրապես հիմա մի այնպիսի փուլ, որ միջազգային գործիքների ազդեցությունը և կիրառումը կարևոր է:

Միջազգային հարցերով ներկայացուցչին նշանակում է վարչապետը՝ անժամկետ պաշտոնավարմամբ: Միջպետական գործերով Հայաստանն աշխատում է հեղինակավոր թիմերի հետ, բայց Կիրակոսյանի խոսքով՝ գրասենյակի թիմի առկայությունն ու բարձր պրոֆեսիոնալիզմը առանցքային են՝ միջազգային ատյաններում ներկայացնելու պետության շահը: Այժմ աշխատակազմը 23 հոգի է, Եղիշե Կիրակոսյանի համոզմամբ, գործառույթների ընդլայնումը պահանջում է նոր մասնագետների ներգրավում:

Եղիշե Կիրակոսյան - Նման քայլը պետական համակարգի տրամաբանության մեջ հերթական ինստիտուցիոնալ կայացման օրինակներից մեկն է: Առանցքային կետերից մեկն էլ այն է, որ ստեղծվում է թիմ, որ ունենում է փորձ, որոշակի ինստիտուցիոնալ հիշողություն, որն ավելի նվազեցնում է հնարավոր ռիսկերը, որովհետև պետությանը դատի տալու միտում կա, տարբեր ներդրողներ, քաղաքացիներ, և միշտ չէ, որ ծանուցումները հիմնավոր են:

Ամենաշատ գործերն ու անհատական դիմումները քննվում են Եվրադատարանում: Գործերի քանակի առումով հաջորդը միջազգային արբիտրաժներն են: Հաագայի դատարանը քննում է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերը: Եվրոպական դատարանը ևս քննում է միջպետական՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Հայաստանն ընդդեմ Թուրքիայի գանգատները:

Հայաստանը ՄԻԵԴ-ից սպասում է «Մարտի 1»-ի, ապրիլյան քառօրյայի և այլ գործերով վճիռների: Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է՝ Ադրբեջանը արդյոք կատարո՞ւմ է հրատապ միջոցների վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումները, ջանքեր գործադրում նաև՝ իրավական լծակներով Ադրբեջանում պահվող գերիների վերադարձն ապահովելու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում