Ամանորին ընդառաջ ձուն չի թանկանա. մասնագիտական գնահատական

ՎՎահե Կոստանդյան

Ամանորին ընդառաջ ձվի շուկայում նախորդ տարվա Սուրբ Զատիկի տոների պատկերը չի կրկնվելու: Եթե գարնանը ձվի արտադրությունում պակաս էր նկատվում, հիմա նույնիսկ ավելցուկ կա:

Սերգեյ Ստեփանյան (Թռչնաբույծների միության նախագահ) - Արտադրության ծավալները մեր ծրագրած տեմպերով գնում են, ավելին՝ նոյեմբեր-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ութից տասը տոկոս ավել արտադրություն ունենք:

Տասը խոշոր թռչնաֆաբրիկաներն ու փոքր ֆերմերային տնտեսություններն այժմ օրական արտադրում են մեկ միլիոն 400 հազար ձու: Համեմատության համար նշենք, որ անցած տարվա դեկտեմբերին օրական արտադրվել է 1 միլիոն 200 հազար ձու: Հայաստանում տարվա կտրվածքով սպառումը կազմում է օրական միջինը 900 հազարից 930 հազար: Ներքին պահանջարկը գերազանցող արտադրության ծավալն ազդում է նաև գնի վրա: Արդեն երկրորդ ամիսն է, ինչ ձվի գնաճ չկա՝ ասում է թռչնաբույծների միության նախագահը:

Սերգեյ Ստեփանյան - Կարող եմ վստահ էլ ասեմ, որ մինչև նոր տարի չի սպասվում գնաճ: Չնայած՝ գինը որոշում է տնտեսվարողը:

Ձվի արտադրության ծավալների ավելացումը պայմանավորված է դեռևս մարտից հուլիս ժամանակահատվածում 180 հազար ածան հավի ներկրումով: Հոկտեմբեր-նոյեմբերին ներկրվել է ևս 108 հազար:

Սերգեյ Ստեփանյան - Մենք կարողացանք կոմպլեկտավորել այս տարվա ածանների գլխաքանակը, ոչ միայն Նոր տարվա համար, որովհետև Նոր տարվա համար մենք կոմպլեկտավորել էինք այս տարվա գարնանը, այլ սպասվող առաջիկա տարվա Զատիկի համար:

Թռչնաբույծների համար անլուծելի է կերի խնդիրը: Վերին Լարսի ճանապարհի փակ լինելու պատճառով համակցված կերով բեռնված մոտ 80 մեքենա դեռ Հայաստան չի հասել: Եղած կերային պաշարը առավելագույնը կբավարարի մեկ ամիս, սակայն մինչև Ամանոր թռչնամսի պակաս ևս չի լինի:

Սերգեյ Ստեփանյան - Դեկտեմբերի ամբողջ ընթացքը մինչև նոր տարի ապահովում ենք թարմ թռչնամիսը՝ սեփական ուժերով, բայց ցույց է տալիս, որ հունվար կամ փետրվարից էլի թռչնամսի խնդիրներ կունենանք:

Թարմ թռչնամսի խնդիր կա ԵԱՏՄ երկրներում: Թռչնագրիպի տարածման հետևանքով ԵԱՏՄ երկրներում մեծ գլխաքանակի անկում կա՝ ասում է Սերգեյ Ստեփանյանը: Երեք երկիր նույնիսկ առաջարկել է Հայաստանին թռչնամիս վաճառել: Հիվանդության դեպքեր Հայաստանում չեն գրանցվել: Թռչնամսի պակաս դեռ չկա: Հիվանդության պատճառով ոչ, սակայն կերի և մեկ օրական բրոյլերների ներկրման ուշացմամբ պայմանավորված՝ թռչնամսի պակասի վտանգ կա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում