Միջազգային հավաստագրերի տրամադրումից հետո Հայաստանից արտահանումը կավելանա

ՎՎահե Կոստանդյան

Այս փաստաթղթի ստորագրումով Հայաստանը կունենա ստանդարտացման և չափագիտական ժամանակակից սարքավորումներով հագեցած չորս լաբորատորիա: Մեր երկրում որակի ենթակառուցվածքների զարգացման նպատակով Եվրամիությունը 4 միլիոն եվրո է հատկացրել: Միջազգային շուկայում որակյալ արտադրանքով ներկայանալու համար Հայաստանը միջազգային հավաստագրեր տրամադրող լաբորատորիաների կարիք ունի՝ ասում է էկոնոմիկայի նախարարը:

Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Այսօր Հայաստանում անհրաժեշտ լաբորատոր հզորությունների բացակայության պատճառով մենք չենք կարողանում վստահելի փաստաթղթեր տրամադրել մեր օտարերկրյա միջազգային առևտրային գործընկերներին:

Նոր լաբորատորիաների տրամադրած հավաստագրերով հնարավոր կլինի ավելացնել եվրոպական երկրների հետ առևտրաշրջանառությունը: Երկրի արտահանման կառուցվածքն այժմ գոհացնող պատկեր չունի՝ ասում է Վահան Քերոբյանը:

Վահան Քերոբյան - Իրականում պետք է խոստովանել, որ մեր արտահանման կառուցվածքը շատ վատն է: Մենք հիմնականում արտահանում ենք կամ խտանյութ, կամ առաջնային հումքային ապրանքներ, կամ ցածր տեխնոլոգիական ապրանքեր: Միջին և բարձր տեխնոլոգիական ապրանքները կազմում են մեր արտահանման կառուցվածքում ընդամենը 10 տոկոսը:

Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացման նպատակով ևս 100 հազար եվրո կներդնի ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը: Բացի լաբորատորիաների կառուցումից ու սարքավորումներից, նաև մասնագիտական աջակցություն կտրամադրվի:

Անահիտ Սիմոնյան (ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության Հայաստանի ներկայացուցիչ) - Յունիդոն վստահաբար ունի այն փորձը, տեխնիկական գիտելիքը, որը այլ երկրներում նույնպես իրականացվել է, և տվել են բավական լավ արդյունքներ:

Չափագիտության ռազմավարությունը կառավարությունը ընդունել է 2020-ին: Հաստատվել է՝ Հայաստանի լաբորատորիաները պետք է ճանաչելի լինեն միջազգային շուկայում: Համաշխարհային բանկի օժանդակությամբ մեր երկրում արդեն հիմնվել է երկու նոր լաբորատորիա:

Ալբերտ Բաբայան (ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի տնօրենի պաշտոնակատար) - Մեկը արդեն տեղական հավատարմագրում ստացել է, դա ջերմային ֆիզիկաքիմիական մեծությունների տրամաչափարկման լաբորատորիան է, երկրորդ լաբորատորիան գտնվում է հավատարմագրման ընթացքում:

Ընդհանուր առմամբ, Հայաստանը կունենա միջազգայնորեն ճանաչված 6 լաբորատորիա, դրանից հետո միայն Հայաստանում տրված հավաստագրերը միջազգային ճանաչում կստանան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում