Ավագանու և քաղաքապետի ինստիտուտների միջև ճգնաժամ էր առաջացել. Արմեն Գալջյան

ԳԳոհար Սարգսյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ավագանու նիստի ընթացքում ներկայացրեց քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը: Մինչ այդ Գալջյանը նշեց, որ գործընթացն անձնավորված չէ:  

«Ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել այս 3 տարիների ընթացքում ձեր կատարած աշխատանքի համար, Երևանին ծառայության համար: Անշուշտ, 3 տարիների ընթացքում բազմաթիվ գործեր են արվել՝ ի նպաստ քաղաքի, բազմաթիվ կարևոր արդյունքներ են գրանցվել, մի քանի կարևոր հիմնարկներ են ստեղծվել, որոնք էական նշանակություն ունեն քաղաքի կառավարման տեսանկյունից: Այն նախընտրական խոստումները, որոնք Ձեզ հետ միասին տվել ենք, ինչ-որ չափով իրականացել են, վստահեցնում եմ, որ առաջիկա 2 տարիներին կշարունակեն իրականանալ»,- ասաց Գալջյանը:

Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացը Գալջյանը մեկնաբանեց որպես ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն:

«Ավագանու և քաղաքապետի ինստիտուտների միջև ճգնաժամ էր առաջացել: Շատ եմ ուզում, որ անձնավորված ելույթներ չունենանք: Հայկ Մարության անձի նկատմամբ հակակրանք չկա, որևէ անձնային խնդիր չկա, զուտ ինստիտուտների բախում է տեղի ունեցել: Չնայած մամուլում և հրապարակային ելույթներում նշվում է, որ պարոն Մարությանի՝ կուսակցությունից դուրս գալն է պատճառ դարձել այս պրոցեսի համար, բայց ուզում եմ ասել, որ դա ընդամենը առիթ է դարձել, որպեսզի այս ճգնաժամը ստեղծվեր:

Մենք քաղաքապետի թեկնածու առաջադրել ենք քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին: Նա այս պահին «Քաղաքացիական պայմանագրի» անդամ չէ, այսինքն՝ դա վկայում է այն մասին, որ այս որոշմամբ կուսակցական խնդիր չի լուծվում, լուծվում է քաղաքի առաջիկա 2 տարվա արդյունավետ կառավարման հարցը»,- ասաց Գալջյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում