Մինչև տարեվերջ տեղահանված 300 ընտանիք Արցախում սեփական տանիք կունենա

ՆՆարեկ Սահակյան

Տեղահանված 300 ընտանիք մինչև տարեվերջ Արցախում սեփական տանիք կունենա: Ստեփանակերտի Թումանյան փողոցում ավարտական փուլում է բնակելի երկու թաղամասի շինարարություն: Նախկին քարի արտադրամասի տարածքում կառուցվում է 153, կաթի կոմբինատի տարածքում՝ 108 բնակարանանոց շենք:

Արամ Սարգսյան (Արցախի քաղաքաշինության նախարար) - Աշխատանքներն ընթացիկ տարում ավարտվելու են, ավարտվելու են երկու փուլով: Առաջին փուլով դեկտեմբերի մեկին հանձնելու ենք շահագործման մոտ 40 բնակարան, մինչև դեկտեմբերի վերջ՝ 113 բնակարանները:

Շենքերի շինարարությունը ֆինանսավորում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Բնակարաններն ամբողջությամբ կահավորված կլինեն:

Արարատ Խլղաթյան («Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ) - Ընթացքում արդեն կահավորվում են, մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվում, ինժեներական աշխատանքներ, որոնք շատ ավելի անհրաժեշտ են այս պահին, որ կարողանանք մինչև դեկտեմբերի 1-ը ջուրը, գազը, հոսանքը, կոյուղին շահագործման հանձնել, որ բնակչությունը կարողանա հանգիստ ապրի:

Հաշվի առնելով առկա պահանջարկը՝ առաջնահերթությամբ բնակարան կստանան պատերազմի ժամանակ զոհվածների և անհետ կորածների ընտանիքները, բայց ոչ միայն նրանք:

Արմեն Մանգասարյան (Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ) - Բնակարաններ կտրամադրվեն նաև պահեստազորի սպաներին, գործող զինծառայողներին, Արցախյան առաջին պատերազմի փախստականներին և սոցիալական այլ խմբերի:

Հանրային քննարկումներից հետո Արցախի բնակարանային հարցերի կոմիտեն հրապարակավ կներկայացնի բնակարանների շահառու խմբերի տոկոսային հարաբերակցությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում