Ադրբեջանական անցակետի վրա պայթուցիկ նետած անձը առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին

ՇՇողիկ Գալստյան

Շուշիի անցակետի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո Արցախի քաղաքացին գտնվում է ռուս խաղաղապահների մոտ: Այս մասին տեղեկացրել է Արցախի ՄԻՊ-ը՝ նշելով՝ քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում, այստեղ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին։

Ըստ Արցախի իրավապահների՝ առավոտյան, ադրբեջանական սադրիչ գործողություններից հետո, հայ վարորդը պայթուցիկ սարք էր նետել ադրբեջանցիների անցակետի ուղղությամբ: Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը ժամանակավորապես փակվել էր ու բացվեց կարճ ժամանակ անց: Արցախի իրավապահ մարմինները ռուսական խաղաղապահ զորակազմի հետ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրականացնում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ:

Դեպքի հետևանքով Արցախի քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան: Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը և դատախազությունը հայտնեցին, թե իբրև միջադեպի հետևանքով ադրբեջանցի 3 զինվորական է վիրավորվել, այնինչ տարածված կադրերում հստակ երևում է, որ պայթյունից ոչ ոք չի տուժում:

Շուշի քաղաքի մոտակայքում այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ միջադեպն է գրանցվում: Նոյեմբերի 8-ին ադրբեջանական կողմը կրակել էր ջրատար խողովակների վրա աշխատանքներ իրականացնող արցախցիների ուղղությամբ, որի հետևանքով սպանվել էր 22 տարեկան երիտասարդ, վիրավորվել էին 31, 41 և 43 տարեկան տղամարդիկ:

Քաղաքացիական անձի սպանության ևս մեկ միջադեպ էլ գրանցվել էր հոկտեմբերի 9-ին: Ադրբեջանցիների կրակոցից զոհվել էր Մարտակերտի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տղամարդ:

Ըստ վկայությունների՝ նա սկզբում հրաժարվել էր վարել գյուղտեխնիկան, սակայն ռուս խաղաղապահներից երաշխիքներ ստանալուց հետո նստել էր տրակտորի ղեկին, ու միջադեպը տեղի էր ունեցել հենց ռուս խաղաղապահի ներկայությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում