Անձնագրի վավերականության ժամկետը լրացած քաղաքացիները չեն ընդգրկվի ՏԻՄ ընտրությունների ցուցակներում. ԿԸՀ նախագահ

ԳԳոհար Սարգսյան

Ընտրացուցակները կազմելու համար անհրաժեշտ է, որ անձը լինի ՀՀ քաղաքացի և ունենա ՀՀ-ում հաշվառում: Այս մասին ԱԺ ամբիոնից խոսեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանի՝ ընտրացուցակները մաքրելու վերաբերյալ հարցին:

«Վերջին փոփոխությունների համաձայն, որն այս ՏԻՄ ընտրություններում կիրառվելու է, բոլոր այն քաղաքացիները, որոնց անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, չեն ներգրավվի այդ ցուցակներում, որ այս ՏԻՄ ընտրություններում կսկսի գործել:

Եթե ցանկանում ենք սահմանափակել տարբեր հիմքերով ընտրական ցուցակներում անձանց ընդգրկումը, պետք է փոխել ուղղակիորեն ցուցակների կազմման մեթոդաբանությունը: Այսօր սահմանադրական օրենքը սահմանել է որոշակի կարգ, թե ովքեր պետք է մտնեն այդ ցուցակներ, և այդ կարգին համապատասխան էլ ձևավորվում են ընտրական ցուցակներ:

Բայց ընտրական օրենսդրությունը սահմանել է նաև բավականին լայն գործիքակազմ՝ այդ ամենը լիարժեք վերահսկելու, տեսնելու, մասնավորապես՝ ցուցակների՝ ըստ տեղամասերի հրապարակումը, դրանց՝ որոնման հնարավորությամբ մշտապես հրապարակված լինելը ԿԸՀ կայքում, ընտրություններից հետո ստորագրված ցուցակների հրապարակումը»,- ասաց Մուկուչյանը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ նշեց, որ ցուցակների հետ կապված հարցն իշխանությանը նույնպես անհանգստացնում է:

«Պետք է հետամուտ լինենք, որ այդ հարցը մեկընդմիշտ փակվի»,- նշեց ԱԺ նախագահը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում