Արցախը վերականգնվում է. Թաղավարդ գյուղում բարելավվում են համայնքի ենթակառուցվածքները

ՆՆարեկ Սահակյան

Արցախի Թաղավարդ գյուղում բարելավվում են համայնքի ենթակառուցվածքները: Պետական ֆինանսավորմամբ ասֆալտապատվում է Կարմիր Շուկա - Թաղավարդ ճանապարհը:

Արթուր Իսախանյան (շինարարության պատասխանատու) - Աշխատանքները սկսել ենք հուլիսի 1-ից, սկզբից հողային աշխատանքներ ենք կատարել, ջրահեռացման համակարգեր կառուցել և խողովակներ անցկացրել, այնուհետև խճապատել ճանապարհը և հիմա ասֆալտբետոնե ծածկն ենք կառուցում: Նախատեսվում է ասֆալտբետոնե երկու շերտ, առաջինը՝ 6 սմ, երկրորդ շերտը՝ 4 սմ:

Ճանապարհաշինության հսկողությունն իրականացնում է Արցախի քաղաքաշինության նախարարությունը: 3,6 կիլոմետրանոց ճանապարհի 3 կիլոմետրի լայնությունը 5 մետր է, դպրոցամերձ հատվածում՝ 6 մետր: Որակի հարցում մասնագետները վստահ են, բայց նաև մատնանշում են հետագա խնամքի գործոնը:

Մհեր Համբարձումյան (Արցախի ՔՆ ճանապարհաշինության բաժնի պետ) - Հետագայում պետք է սպասարկում իրականացվի, այսինքն՝ կողային առուների մաքրում իրականացվի, կողքի թփերի, թփուտների մաքրում, որպեսզի ջրային համակարգերը պատշաճ աշխատեն:

Ասֆալտապատմանը զուգահեռ նորոգվում է Թաղավարդի արտաքին լուսավորման համակարգը: Միջհամայնքային ճանապարհը ևս կկահավորվի՝ նախատեսվում է տեղադրել 50 նոր հենասյուն: Պետական ծրագրին բարեգործ է միացել, տրամադրել լուսատուներն ու հաղորդալարը:

Գարիկ Հայրապետյան (ընկերության տնօրեն) - Աշխատանքները սկսել ենք 5 օր առաջ, նախատեսում ենք ավարտել այս ամսվա վերջին: Փաստորեն ժամանակին ավարտելու համար ոչ մի խոչընդոտ չկա, մեխանիզմն ունենք, տեխնիկան ունենք, բանվորական ուժն ունենք: Ոչ մի խնդիր չկա:

Հուլիսի վերջին Թաղավարդ ու Կարմիր Շուկա գյուղերը շուրջօրյա խմելու ջուր կունենան: Պատերազմի հետևանքով չեզոք գոտում հայտնված արտեզյան հորին կմիանան նոր ջրագծով: Հողային և խողովակների միացման աշխատանքների զգալի մասը կատարված է:

Օլեգ Հարությունյան (Արցախի Թաղավարդ համայնքի ղեկավար) - Երաշտ է, ջուրը՝ սակավ, Կարմիր Շուկայում ևս ունեն ջրի խնդիր: Դրա համար որոշել ենք արտեզյանը գործարկել և երկու գյուղի հավասար ջուր հասցնել: Մեր բաժինը 1 կիլոմետր 790 մետր է՝ գյուղի վերևի ռեզերվուարից մինչև արտեզյան ջրհորը:

Այս պահին Թաղավարդ և Կարմիր Շուկա գյուղերն առայժմ ջուր են ստանում օրական մի քանի ժամով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում