«Արդար Հայաստանը» առաջնահերթություն է համարում արդարության հաստատումը
«Արդար Հայաստանը» քարոզարշավի ընթացքում կարողացել է հանդիպել հազարավոր քաղաքացիների հետ: Մարդիկ լավատես չեն՝ ասում է կուսակցության վարչապետի թեկնածուն ու հավելում՝ դրապատճառներից է որոշ քաղաքական ուժերի քաղաքական բանավեճերի ցածր մակարդակը:
Նորայր Նորիկյան («Արդար Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համար) - Շատ քչերին է հետաքրքրում հունիսի 20-ի ընտրությունների իրական արդյունքները կամ օրինական ընտրությունների ընթացքը: Բոլորը կարծես սպասում են, թե հունիսի 20-ին ով ինչ մուսկուլ է ցուցադրելու:
Ֆավորիտ ուժերն արդեն մեկ անգամ կառավարել են և հնարավորություն ունեցել երկրի համար բազմաթիվ խնդիրներ լուծել: Նորաստեղծ «Արդար Հայաստանի» թեկնածուներն այն կարծիքին են, որ մինչև երկրում չվերականգնվի արդարությունը, ոչ մի դրական զարգացում չի կարելի ակնկալել: Կուսակցությունն առաջնահերթ լծվելու է անվտանգության կայացմանը: Այնուհետև կհիմնեն աշխատատեղեր:
Նորայր Նորիկյան - Մեր երկիրը պետք է վերածել զանգվածային ձեռներեցության երկրի: Պատահական չէ, որ «Արդար Հայաստանի» ծրագրի ռազմավարական ուղղությունն է միջին խավի ձևավորումը, որովհետև համոզված ենք, որ գերհարուստների պայմաններում մենք չենք կարող կառուցենք բարեկեցիկ հասարակություն:
Յուրաքանչյուր մարզում առնվազն երկու արդյունաբերական գործարան կբացեն: Դեմքով կշրջվեն դեպի գյուղ: Գյուղատնտեսությունը կզարգացնեն նորագույն տեխնոլոգիաներով: Պետք է Հայաստան բերել մեգանախագծեր՝ վստահ է Նորայր Նորիկյանը:
Նորայր Նորիկյան - Պարտադիր է ավարտին հասցնել Հյուսիս-հարավ մայրուղին, ինչը հնարավորություն կտա Պարսից ծոցը կապել Սև ծովին, դրանից բխող բոլոր հետևանքներով: Պետք է օգտվել Իրան-ԱՄՆ ձնհալից, Չինաստան-Իրան հարաբերություններում մեգանախագծերից:
Աշխարհաքաղաքական ստեղծված նոր իրավիճակը հնարավորություն է Իրան-Հայաստան-Վրաստան գազամուղի, նավթամուղի անցկացման համար, Հայաստան-Իրան ջրատարի կառուցման համար: Հայաստանը հայտնվել է տնտեսական նոր խաչմերուկում՝ ասում է պատգամավորի թեկնածուն:













