ՀԴՄ կտրոնների ֆիսկալ շրջանառությունն ու կտրոնների քանակը Երևանում կտրուկ աճել են, մարզերում աճել են ավելի շատ. Մանուկյան

ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը խորհրդարանում վարչապետի ընտրության հարցով հրավիրված հատուկ նիստում ներկայացրեց ՀԴՄ կտրոնների վերաբերյալ իր կատարած վերլուծությունը:

«Մենք մշտապես խոսում ենք այն մասին, որ բիզնեսը կենտրոնացված է Երևանում: Նայենք՝ ինչ է տեղի ունեցել 2021 թվականին, նաև 2020-ին: ՀԴՄ կտրոնների ֆիսկալ շրջանառությունն ու կտրոնների քանակը Երևանում կտրուկ աճել են, բայց մարզերում աճել են ավելի շատ: Սա պայմանավորված է ինչպես որոշակիորեն, իմ պատկերացմամբ, մարզերում կյանքի աշխուժացմամբ, այնպես էլ ավելի առաջանցիկ տեմպերով մարզերում ստվերայնության կրճատմամբ և հարկային դաշտ տեղափոխելով»,- նշեց պատգամավորը:

Անդրադառնալով պետական պարտքին՝ Մանուկյանը հիշեցրեց՝ ինչ արդյունք ունեինք 2017-ին:

«2017-ի տարեվերջի դրությամբ՝ պորտֆելի արժեքը 4.9 տոկոս էր, որի մեջ արտարժութային պարտքի տեսակարար կշիռը մոտավորապես 81.6 տոկոս էր: Ասեմ, որ դինամիկան տարիներ շարունակ նվազել է: Ինչու է կարևոր, որ ոչ արտարժութայինը լինի, որովհետև եթե դու դրամով ես պարտք ներգրավում, ավելի հեշտանում է քո սպասարկման կոմպոնենտը: Հիմա երկու ուղղությամբ էլ՝ ինչպես միջին տոկոսադրույքի, այնպես էլ դրամով կշիռների առումով, առկա է որակական լավացում: Մասնավորապես, 2020-ի դեկտեմբերի դրությամբ միջին տոկոսադրույքը, որը շուրջ 5 տոկոս էր, դարձել է 4.3 տոկոս: Այսինքն՝ սպասարկման միջին, և երկրի ռիսկայնության գնահատականն էլ որոշակիորեն նվազել է, և պարտքի մեջ արտարժութային պարտքի տեսակարար կշիռը դարձել է 75.6 տոկոս՝ 85-ից: Սա խոսում է այն մասին, որ բացի զուտ վիճակագրական թվային աճից, առկա է նաև որոշակի որակական տրանսֆորմացիա»,- նշեց պատգամավորը:

Մանուկյանը նշեց, որ 2020 թվականի ճգնաժամն իր բովանդակությամբ ու խորությամբ համադրելի չէ 2008 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքների հետ ողջ աշխարհում: Բայց այդ ժամանակ արտաքին պարտքի ոչ թե բացարձակ, այլ հարաբերական ցուցանիշն աճել էր 18.5 տոկոսային կետով:

«Մենք փորձել ենք փրկել հասարակությանը, չենք առաջնորդվել յուրային - ոչ յուրայիններով: 2020-ին գրանցել ենք 7.6 տոկոսանոց անկում, բայց պարտքի բեռը հարաբերականորեն ավելացել է ընդամենը 13.6 տոկոսային կետով: Դե համեմատեք՝ 18.5-ը 13.6-ի, 14 և ավել տոկոսանոց անկումը՝ 7.6-ի և խոսեք Կառավարության ծրագրերի արդյունավետության և ներառականության և ձեր պրոֆեսիոնալների վարած քաղաքականության մասին»,- եզրափակեց պատգամավորը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում