ԸՕ փոփոխությունը չստորագրելու առնչությամբ նախագահի պարզաբանումները անհիմն են. Համազասպ Դանիելյան

ՇՇողիկ Գալստյան

Նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը չստորագրելու առնչությամբ ներկայացրած պարզաբանումները անհիմն են և ոչ կառուցողական, պնդում է «Իմ քայլից» Ընտրական օրենսգրքի փոփոխությունները համարկարգող Համազասպ Դանիելյանը:

Խորհրդարանի ընդունած փոփոխություններից ավելի քան երկու շաբաթ անց նախագահը հայտարարել է՝ չի ստորագրելու Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, բայց և չի դիմելու Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար: Ըստ Սարգսյանի աշխատակազմի ուսումնասիրության՝ սահմանադրականության տեսանկյունից օրենքն առերևույթ խնդրահարույց չէ:

Ապրիլի 1-ին Ազգային ժողովը առանց ընդդիմության աջակցության կողմ քվեարկեց Ընտրական օրենսգիրքը փոփոխելու նախագծին՝ հրաժարվելով մի շարք քաղաքական ուժերի գնահատմամբ խնդրահարույց համարվող ռեյտինգային ընտրակարգից: Այս մեկ դրույթի փոփոխությամբ հունիսի 20-ին ընտրությունը կանցկացվի պարզ համամասնական ընտրակարգով: Հանրապետության նախագահը ներկայացրել է նախագիծը չստորագրելու հիմնավորումներ: Առաջինը, ըստ Սարգսյանի, այն է, որ օրենքն ընդունվել է Ազգային ժողովի միայն քաղաքական մեծամասնության քվեարկության արդյունքում: Դանիելյանը, սակայն, հակադարձում է՝ նախագծի համահեղինակ են նաև Արման Բաբաջանյանը և «Բարգավաճ Հայաստանից» դուրս եկած Սերգեյ Բագրատյանը:

Որպես հիմնավորում, Սարգսյանը խոսել է նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացության կարևորության մասին: ԱԺ-ից հակադարձում են՝ Վենետիկի հանձնաժողովն այս դրույթի վերաբերյալ դեռ նախկինում դրական դիրքորոշում է հայտնել, իսկ ԸՕ ամբողջ փաթեթի եզրակացությունն ակնկալում են ստանալ վաղը: Դրանից հետո միայն նախագիծը կդրվի ԱԺ-ում քննարկման:

«Լուսավոր Հայաստանից» Գևորգ Գորգիսյանը հիշեցնում է՝ ապրիլի վերջին նախատեսված է վարչապետի հրաժարական, իսկ այդ ֆոնին Ընտրական օրենսգրքի քննարկումը, ըստ ընդդիմադիր պատգամավորի, աբսուրդ է:

«Բարգավաճ Հայաստանը», ինչպես ռեյտինգային ընտրակարգը հանելու դեպքում, այնպես էլ այժմ շեշտում է՝ Ընտրական օրենսգրքի փոփոխության քննարկումներին չի մասնակցի՝ պատասխանատվությունը թողնելով իշխանության վրա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում